.

Caucasian Journal is now with video.

 Խնդրում ենք սեղմել այստեղ մեր ալիքին բաժանորդագրվելու համար

Դեսպան Աշոտ Սմբատյան. «ՀՀ և Վրաստանի միջև առկա բարեկամական հարաբերությունները քաղաքական առումով հասան իրենց գագաթնակետին»

Ashot SMBATYAN 2025
29.07.2025 (Կովկասյան ամսագիր) «Կովկասյան հանդեսը» ուրախ է երկրորդ հարցազրույցի համար ողջունել Վրաստանում  ՀՀ դեսպան Ն.Գ. Աշոտ Սմբատյանին: Դեսպան Սմբատյանի՝ 2023 թվականի նախորդ հարցազրույցից ի վեր նշանակալի զարգացումներ են տեղի ունեցել Հայաստանում, Հարավային Կովկասում և ամբողջ աշխարհում: Հուսով ենք այս հարցազրույցի ընթացքում քննարկել բոլոր հիմնական թեմաները:

In English:  Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:

Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, «Կովկասյան ամսագրի» գլխավոր խմբագիր. - Ձերդ գերազանցություն, հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք Թբիլիսիում, սկսենք Հայաստանի և Վրաստանի հարաբերություններից: Մեր երկրներն այժմ ունեն Ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը ստորագրվել է մոտ 18 ամիս առաջ։ Այս համաձայնագրի ակնհայտ խորհրդանշական կշռից դուրս, ի՞նչ շոշափելի արդյունքներ են գրանցվել և ի՞նչ ապագա նախաձեռնություններ են մշակվում։ Բացի քաղաքական և տնտեսական հարթություններից, գուցե նաև մեկնաբանեք ռազմական համագործակցությունը, որը նախատեսված է անցյալ տարի ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների ստորագրած համագործակցության ծրագրում։

Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆ - Այո, Դուք ճիշտ նկատեցիք, որ արդեն 30-ից ավելի տարիներ ՀՀ և Վրաստանի միջև առկա  բարեկամական հարաբերությունները քաղաքական առումով հասան իրենց գագաթնակետին, և 2024թ. հունվարին Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի վարչապետները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» համատեղ հռչակագիրը՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով Հայաստան-Վրաստան հարաբերությունները և հիմք ստեղծելով տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների է՛լ ավելի սերտացման համար։ Գրեթե բոլոր ոլորտներում տեսանելի է զարգացման աճ, իսկ զբոսաշրջության ոլորտում կարևոր է, որ Վրաստանից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թվաքանակը զգալի աճել է: Առկա է բազմաշերտ իրավապայմանագրային բազա երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև։ Միայն վերջին երկու տարիների ընթացքում ստորագրվել են տասից ավելի փաստաթղթեր: Պարբերական բնույթ են կրում  ՀՀ և Վրաստանի  բարձրագույն ղեկավարության և ոլորտային գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպումներն ու շփումները: Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունենում ամենամյա քաղաքական խորհրդակցություններ: Մշակութային ոլորտում հարաբերությունները ակտիվ զարգանում են, որի արդյունքն են նաև երկու երկրներում անցկացվող մշակութային բազմաթիվ միջոցառումները: Այս ամենը անհրաժեշտ քայլեր են, բայց իմ համոզմամբ՝ ՀՀ և Վրաստանի հարաբերությունների զարգացման մեջ առկա է դեռ մեծ ներուժ, ինչի առաջմղման և կյանքի կոչման ուղղությամբ պետք է շարունակենք մեր ջանքերը:

Գրեթե բոլոր ոլորտներում տեսանելի է զարգացման աճ, իսկ զբոսաշրջության ոլորտում կարևոր է, որ Վրաստանից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թվաքանակը զգալի աճել է։ 

Ա.Կ. - Խոսելով ռազմավարական գործընկերության մասին՝ չեմ կարող չնշել Ձեր երկրի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիան ստորագրվել է այս տարի, թեև Սպիտակ տան նախորդ վարչակազմի օրոք։ Որքանո՞վ են կարևոր նման փաստաթղթերը հայկական տեսանկյունից։

Ա.Ս. Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերներից է: Բազմակողմ համագործակցությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում:

2025թ. հունվարին Վաշինգտոնում ստորագրվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը ներառում է  տնտեսության, առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի, պաշտպանության և անվտանգության, ժողովրդավարության, արդարադատության, մարդկային կապերի և մշակութային փոխանակումների խթանման ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը և խորացմանն ուղղված համապարփակ դրույթներ:

Երկկողմ հարաբերությունների բարձրացումը ռազմավարական գործընկերության մակարդակի հանդիսանում է դեռևս 2019թ. հաստատված Հայաստան-ԱՄՆ  Ռազմավարական երկխոսության և դրա շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների շարունակությունը:

Վստահ ենք, որ այս փաստաթղթի շրջանակներում առավել համապարփակ և թիրախային համագործակցությունը կծառայի մեր երկու պետությունների ազգային շահերի առաջմղմանը՝ այդ թվում, տնտեսական գործակցության առավել ակտիվացմանը։

Ա.Կ. - Զգալի ակտիվություն ենք տեսել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։ Հայաստանը դեռևս չի դիմել ԵՄ-ին անդամակցելու համար, սակայն անցյալ ամիս ձեր երկիրն ընդունեց փաստաթուղթ, որը «իրավական ճանապարհ է հարթում դեպի Եվրամիություն ինտեգրում»։ Կարո՞ղ եք բացատրել սրա նշանակությունը: Մոտ ապագայում ակնկալու՞մ եք պաշտոնական հայտ»: Նաև անցյալ տարի ԵՄ-ն առաջարկեց 270 միլիոն եվրո Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության համար, և 10 միլիոն եվրո հատկացրեց Հայաստանի զինված ուժերին, ինչը ԵՄ-ի կողմից առաջին անգամ ֆինանսավորվող օգնությունն էր Հայաստանի զինված ուժերին: Երկու տարի առաջ նման զարգացումներ աներևակայելի էին: Կարո՞ղ եք մեկնաբանել դա:
 
Ա.Ս. - Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է:

ԵՄ հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում արդարադատության, պետական կառավարման բնագավառներում, տնտեսության մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ամրապնդմանը:

Հայաստանի անկախությունից ի վեր ԵՄ-ն Հայաստանի զարգացման ծրագրերին ամենամեծ ֆինանասական աջակցություն տրամադրողներից է։ Կարող ենք արձանագրել, որ ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել: Բնականաբար, մենք կարևորում ենք ԵՄ հետ հարաբերությունների զարգացումը, հայ ժողովուրդը եվրոպական արժեհամակարգի կրող է և թե՛ ԵՄ, թե՛ ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ հարաբերությունների խորացումը բնական է: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս վիզաների ազատականացման գործընթացին, ինչը նաև լրացուցիչ խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային կապերը նոր մակարդակի բարձրացնելու հարցում: Անհրաժեշտ է ընդգծել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը Հայաստանի սահմանային կայունության և անվտանգության գործում: Հայաստանը ընդլայնում է ԵՄ հետ համագործակցության հարթակները նաև քաղաքական և անվտանգային երկխոսության ուղղությամբ։

Համամիտ եմ, որ առաջին անգամ էր, որ Խաղաղության եվրոպական գործիքի (EPF) ներքո ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակով տրամադրվող 10մլն Եվրո արժողությամբ տեխնիկական օժանդակությանը, և ինչպես ԵՄ-ն է վստահեցնում, դա լինելու է շարունակական: ԵՄ   հետ համագործակցության առանցքում են նաև պետական կառույցների հզորացման, տնտեսական զարգացման, էներգետիկ արդյունավետության բարձրացման, շարժունակության, ինչպես նաև մարդկանց միջև շփումների խթանման և այլ ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր:  Այժմ Հայաստանում ընթանում են  ԵՄ աջակցությամբ վերոնշյալ  ուղղություններով իրականացվող մի շարք ծրագրեր, շարունակվում է նոր ծրագրերի ներկայացմանն ուղղված գործընթացը:

Ինչպես ՀՀ վարչապետն է բնորոշել միջազգային գործընկերների հետ հարաբերությունների զարգացման տրամաբանությունը Հայաստանում պիտի փոխարինի կախվածությունը մեկ կենտրոնից կախվածությամբ շատերից։ Սա, ըստ էության, իր արտահայտումն է գտնում Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական և այլ ոլորտներում միջազգային հարաբերությունների վերաիմաստավորման և վերաձևակերպման մեջ։ 

Ա.Կ. - Սա նշանակալի տեղաշարժ է Ռուսաստանի հետ նախկինում սերտորեն ինտեգրված երկրի համար: Ինչպե՞ս է այս նոր քաղաքական ուղղությունն ընկալվում հայ հանրության կողմից»։

Ա.Ս. - Հարկ է ընդգծել, որ ՀՀ կառավարությունը վարում է բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն և այս համատեքստում ընդլայնում ենք մեր հարաբերությունները տարբեր երկրների և կազմակերպությունների ուղղությամբ, այդ թվում՝ ԵՄ հետ, ինչը չի հակասում այլ ձևաչափերում և կառույցներում մեր համագործակցությանը և ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Ցանկանում եմ նաև նշել, որ ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը հանրային նախաձեռնության արդյունք է և արտացոլում է Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները: Ինչպես ՀՀ վարչապետն է բնորոշել միջազգային գործընկերների հետ հարաբերությունների զարգացման տրամաբանությունը Հայաստանում պիտի փոխարինի կախվածությունը մեկ կենտրոնից կախվածությամբ շատերից։ Սա, ըստ էության, իր արտահայտումն է գտնում Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական և այլ ոլորտներում միջազգային հարաբերությունների վերաիմաստավորման և վերաձևակերպման մեջ։
  
Ա.Կ. - Կցանկանա՞ք մեկնաբանել Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների ներկա կարգավիճակը։
 
Ա.Ս. - Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համաձայնեցրել են «ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը: Հայաստանը նաև պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրել փաստաթուղթը։ Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի հանդիպմանը քննարկվել են համաձայնագրի ստորագրման գործընթացին առնչվող հարցեր, Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված երկխոսությունը։ Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև ուղղակի բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները: 

Այս համատեքստում, հայկական կողմը կարևոր է համարում գործընթացում առաջընթաց գրանցելու հնարավորությունները կանխող գործողություններից ու հռետորաբանությունից խուսափելը:

Ա.Կ. - Ըստ երևույթին, բազմաթիվ նոր քաղաքական զարգացումներ են եղել, որոնք ազդում են Հայաստանի վրա շատ այլ ուղղություններից, այդ թվում՝ Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից և նույնիսկ Հնդկաստանից: Եթե դուք չեք հոգնել քաղաքական խոսակցություններից, կմեկնաբանեք այս «ազիմուտներից» որևէ մեկը:

Ա.Ս. - ՀՀ-ն կարևորում է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և պատմականորեն ձևավորված բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը: ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում արձանագրվել է, որ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է նաև Հնդկաստանի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունները: Հնդկաստանի հետ  ՀՀ-ն սերտացնում է հարաբերությունները տարբեր ոլորտներում և ներկայումս այն հանդիսանում է ՀՀ առանցքային գործընկերներից մեկը:

ՀՀ-ն շարունակում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: ՀՀ վարչապետի՝ հունիսի 20-ի այցը Թուրքիա երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի տրամաբանական շարունակությունն է։ Կողմերն ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակականության և հստակ արդյունքների հասնելու կարևորությունը։ Ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ ՀՀ և ԹՀ ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։  

Ա.Կ. - Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որը կարևոր օր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Վրաստանի համար, որը տուն դարձավ բազմաթիվ հայ վերապրածների համար: Այդ մասին ուշագրավ վիճակագրություն է բացահայտվել վերջերս Թբիլիսիում տեղի ունեցած հիշատակի միջոցառման ժամանակ։ Կցանկանա՞ք մեկնաբանել սա:
 
Ա.Ս. - Անհրաժեշտ եմ համարում նորից ընդգծել, որ եղբայրական Վրաստանը եղել է այն երկրներից մեկը, որն ընդունել է Հայոց Ցեղասպանության արդյունքում տեղահանված բազմաթիվ հայերի, որոնք հետագայում մեծ հաջողությունների են հասել վրաց հյուրընկալ հողում։ Նրանց կերտած պատմամշակութային արժեքները և թողած ժառանգությունը հանդիսանում են հիշողության կայուն սյուներ։ Պատմական արդարության վերականգնման ու ճանաչման նախադրյալը հիշելն է։ Կարծում եմ, տառապանքի ու անարդարության մասին մոռանալը, լռելն ու առավելևս անտեսելը ոչ ցավն է մեղմացնում և ոչ էլ անարդարությունն արդարացնում: Ավելին, պատմության հետ առերեսումն ու ճանաչումն այնպիսին, ինչպիսին եղել է, լավագույն ճանապարհն է դեպի հաշտեցում: Ուստի Հայոց Ցողասպանության զոհերի հիշատակի հավերժացումը եղել է և կշարունակվի մնալ մեր պարտքը: Այս տարվա միջոցառմանը ներկայացվեցին նաև Թբիլիսի գաղթած որոշ հայ ընտանիքների, որբերի լուսանկարներ և նրանց մասին պատմող նյութեր, որոնց մի մասը պահվում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Նման միջոցառումների անցկացումը Վրաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, անհրաժեշտ է ոչ միայն հիշողությունն արթուն պահելու, այլև մեր երախտիքն արտահայտելու համար այն պետություններին և ժողովուրդներին, անհատներին և կազմակերպություններին, որոնք հայ ժողովրդի համար պատմական այդ դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել են մարդասիրություն և բարեգթություն։

Ա.Կ. - Վերջապես, կուզեի հարցնել այն նախագծերի մասին, որոնցում դուք և ձեր դեսպանատունը անմիջականորեն ներգրավված եք՝ անցյալում, ներկայում կամ ապագայում։ Դրանցից որո՞նք եք համարում ձեր հիմնական նվաճումները։
 
Aram Khachaturian Uznadze Street
Ա.Ս. - Կարծում եմ յուրաքանչյուր պաշտոնյայի գործունեության առանցքում կան ու մնում են նախագծեր, որոնք նա պետք է ոչ միայն մեկնարկի, այլև շարունակի՝ որպես իրավահաջորդ։ Դիվանագետի պարագայում նման նախագծերը բազմաբովանդակ ու բազմոլորտ են, որտեղ կարևոր մաս են կազմում նաև համայնքային մշակութային միջոցառումները։ Օրինակ՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշատախտակի բացումը․ գործընթացը սկիզբ էր առել դեռ ՀՀ նախորդ դեսպանի պաշտոնավարման ընթացքում, իսկ ավարտին հասավ 2023թ.։ Էականն այն է, որ Թբիլիսիի Դ.Ուզնաձե 93 հասցեում, այնտեղ ուր ապրել է մեծանուն կոմպոզիտորը, այլևս փակցված է հայ-վրացական դարավոր բարեկամությունը հավերժացնող խորհրդանիշներից մեկին նվիրված հուշատախտակը։ Շուտով դեսպանության և Թբիլիսիի սակրեբուլոյի համատեղ ջանքերով անվանատախտակ կփակցվի նաև Թբիլիսիի Ալ․Պուշկինի 13 տան հասցեում՝ հավերժացնելով հայազգի մեծանուն  նկարիչ ու արձանագործ Երվանդ Քոչարի հիշատակը։

Կցանկանայի անդրադառնալ նաև Թբիլիսիի հայ գրողների  և հասարակական գործիչների պանթեոնում տարվող աշխատանքներին՝ երախտագիտություն հայտնելով Թբիլիսիի քաղաքապետարանին, որի թույտվությամբ ՀՀ կառավարությունը հնարավորություն ունի իր ավանդն ունենալ հայերիս համար սրբավայր դարձած տարածքի բարեկարգման գործում։ 2024թ. դեսպանությունը գործարկեց պանթեոնի www.khojivank.ge եռալեզու կայքէջը, տեղադրվեց նոր հուշա-անվանատախտակ, որին զետեղված QR ծածկագրի միջոցով այցելուն տեղում հնարավորություն ունի ծանոթանալու պանթեոնի պատմությանն ու յուրաքանչյուր գործչի հակիրճ կենսագրությանը։

-ՀՀ դեսպանությունը հնարավորինս աջակցում է ծրագրերին, որոնք միտված են միջմշակութային մերձեցմանը։ Մշակույթը կարծում եմ, ժողովուրդներին կապող հուսալի կամուրջ է և ազգային ինքնությունը ներկայացնող լավագույն դրսևորում: 2023թ․, համատեղ ուժերով նշեցինք գրական-հասարակական գործունեության զգալի մասը Թբիլիսիում անցկացրած մեծն բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը։ Թբիլիսիի գրականության թանգարանում ցուցադրվեցին գրողի հայաստանյան տուն-թանգարանից բերված իրերը, Թբիլիսիի կոնսերվատորիայի դահլիճում ելույթ ունեցավ Երևանի Կոմիտասի թանգարանի «Գեղարդ» երգեցիկ խումբը։ 2024թ․ Թբիլիսիում և Երևանում մեծ շուքով նշեցինք կրթական մեծ դարբնոցի՝ Ներսիսյան դպրոցի 200-ամյա հոբելյանը, որի շրջանակում բացվեց  Լ.Չիդիլյանի հեղինակած՝ կրթօջախի վավերագրությունը ներկայացնող Վրաստանի ու Հայաստանի արխիվային նյութերի և լուսանկարների բացառիկ ցուցահանդեսը՝ նախ դպրոցի երբեմնի շենքում՝ ներկայիս Կովկասյան համալսարանում, ապա՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում։ Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև դեսպանության աջակցությամբ լույս տեսած վրացական «Արիլի» հեղինակավոր գրական հանդեսի հայ գրականությանը նվիրված համարը, ինչը վրաց ընթերցասերի համար ավելի հասանելի դարձրեց համարում լույս տեսած հայ գրողների ստեղծագործությունները։

Շատ եմ կարևորում նաև այս տարի սեպտեմբերին, Թբիլիսիի թիվ 104 դպրոցում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիայի բացումը,  ինչի համար  շնորհակալ եմ Վրաստանի ԿԳԵ նախարարությանը, ծնունդով Թբիլիսիից Գագիկ և Ռաֆիկ Աղաջանյաններին և բոլոր աջակիցներին՝ այս հրաշալի նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Դպրոցականները հնարավորություն կունենան տիրապետելու ռոբոտաշինությանն ու նմանօրինակ այլ հմտությունների։
 
Ա.Կ. - Դուք գրեթե երեք տարի ծառայում եք որպես դեսպան Վրաստանում: Ի՞նչն եք ամենից շատ հիշում ձեր պաշտոնավարման եռամյա ժամանակահատվածից:
 
Ա.Ս. - Վրաստանն իր հոգևոր ու նյութական ողջ հմայքով դեռ շարունակում է ինձ հիացնել ու զարմացնել։ Տարբեր մշակույթներ կրող ու մշակույթներն իրար կապող այս հրաշալի երկիրը գրեթե ամեն օր նոր բացահայտումների ու տպավորությունների տեղիք է տալիս։
Այդուհանդերձ մի հարցում համոզված եմ՝ այսօր ու հետո էլ, ամենակարևորն ու արժեքավորը, կան ու կմնան մարդիկ, ում հետ ինձ կապեց այս երկիրը և ում հետ, մեծ ցանկություն ունեմ շարունակելու իմ բարեկամությունը՝ հայ-վրացական և ոչ միայն․․․
 
Ա.Կ. - Շատ շնորհակալ եմ։

Read the English language version here

«Կովկասյան ամսագրին» կարող եք հետևել հետևյալ հասցեներով՝

Google News  *  Twitter  *  Facebook  *  Medium  *  LinkedIn  *  YouTube  *  RSS

«Կովկասյան ամսագրին» էլեկտրոնային բաժանորդագրության հայտ ներկայացնելու  համար մուտքագրեք ձեր էլ.փոստի հասցեն.