20.05.2023 (Կովկասյան ամսագիր) Caucasian Journal-ի համար այսօր մեծ պատիվ է ողջունել Հայաստանում և Վրաստանում Առաքելական Նվիրակ (Վատիկանի դեսպան) Նորին Գերազանցություն Ամենապատիվ Մոնսինյոր Ժոզե Ավելինու ԲԵՏԱՆԿՈՒՐԻՆ:
▶ In English: Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:
Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, «Կովկասյան ամսագրի» գլխավոր խմբագիր. - Ձերդ Գերազանցություն, բարի գալուստ Caucasian Journal և շնորհակալություն ընձեռած հնարավորության համար: Դուք արդեն տևական ժամանակ է՝ աշխատում եք Թբիլիսիում, և Ձեր դեսպանատունը գործում է թե՛ Հայաստանի և թե՛ Վրաստանի համար։ Բացի այդ, դուք նաև Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն եք։ Սա պատասխանատվության հսկայական բեռ է: Առաջին հարցս է․ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այս աշխատանքի հանդեպ: Արդյոք Կովկասում հաճախակի ճանապարհորդելու անհրաժեշտություն ունե՞ք, և ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը մեր տարածաշրջանից:
Ժոզե Ա. ԲԵՏԱՆԿՈՒՐ.- Շնորհակալություն հարցազրույցի հրավերի համար: Հուսով եմ շարունակել Հարավային Կովկասում եմ իմ նախորդների թողած ամուր հիմքի վրա, նաև ծանոթանալու արդի իրողություններին:
Սուրբ Աթոռը առաջին պետություններից էր, որը ճանաչեց Հարավային Կովկասի բոլոր հանրապետությունների անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց։ Այս տարի կնշենք դիվանագիտական հարաբերությունների երեսունամյակը։ Սուրբ Աթոռը նաև տասներորդ պետությունն էր, որը դիվանագիտական ներկայացուցչություն բացեց Թբիլիսիում: Ես սիրում եմ շարունակ կրկնել այն միտքը, որ երկու հազարամյակի բարեկամություն ենք կիսում:
Վրաստանում Առաքելական Նվիրակը՝ իր հավատարմագրերի պատճենի հանձնման պահից, դե յուրե համարվում է դիվանագիտական ներկայացուցչության Դեկանը՝ տնօրենը: Այս քայլով Վրաստանը ցանկացել է ճանաչել և պատվել աշխարհում Սուրբ Աթոռի առանձնահատուկ դիվանագիտական դերակատարումը։ Ինչպես մյուս բոլոր երկրներում, տնօրենը կոչված է հանդես գալու դիվանագիտական ներկայացուցչության անունից, ինչպես նաև տարբեր առիթներով ներկայացնելու այն:
Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկիր առանձնահատուկ է և ուշագրավ տարբեր տեսանկյուններից՝ պատմական, մշակութային, կրոնական, քաղաքական, բնության գեղեցկությամբ և մարդկային հատկանիշներով․ ես ընդամենը մի քանիսին անդրադարձա: Ես ամբողջությամբ փարվեցի ինձ վստահված Առաքելությանը: Այս տարիների ընթացքում հնարավորություն եմ ունեցել ճանապարհորդելու Հարավային Կովկասով, եղել եմ անգամ հեռավոր բնակավայրերում և հանդիպել հասարակության տարբեր շերտերի մարդկանց լայն շրջանակների հետ:
Իմ «աշխատանքը» «աշխատանք» չէ։ Այն է, ինչ եմ: Ուստի սիրում եմ, ինչ անում եմ: Հարավային Կովկասում անցկացրած տարիների ընթացքում այնքան անձնական կապեր եմ հաստատել, որ պարտավորված եմ զգում դրական ազդեցություն թողնելու: Հարավային Կովկասը իր սեփական մարտահրավերներն ունի, բայց դրանք չեն խոչընդոտում մեծ հեռանկարներն ու հնարավորությունները: Տպավորություններս իրոք դրական են։
Ա.Կ.- Ենթադրում եմ, որ մի քանի տարի շարունակ Վրաստանում և Հայաստանում Նվիրակ լինելով, դուք այնքան բան եք տեսել, որոնք դուրս են մնում «սովորական» դիվանագետի տեսադաշտից։ Նկատի ունեմ այն վայրերը, որոնք ունեն հոգևոր նշանակություն, հատուկ իրադարձություններ կամ անձնավորություններ և այլն: Կարո՞ղ եք կիսվել այդ կարգի ուշագրավ հիշողություններով:
ԺԱԲ.- Հարավային Կովկասից ունեմ այնպիսի փորձառություններ, որոնք ինձ հետ կմնան: Իհարկե, Սուրբ Աթոռի դիվանագետը եկեղեցական է, գուցե որոշակի հարաբերություններ է ձևավորում հասարակության որոշակի շերտերում: Տպավորված եմ այս հնագույն ժողովուրդներով և նրանց հին քաղաքակրթությունները վկայող պահպանված նմուշներով: Մասնավորապես տպավորված եմ III-IV դարերի քրիստոնեական գտածոներով: Հանդիպել եմ մարդկանց, որոնք իրենց հետքն են թողել աշխարհում: Ուզում եմ նշել մի հմուտ վարպետի, որն իր կյանքը նվիրել է հին վրացական միջնորմավոր արծնապատման՝ կլուազոննե էմալի տեխնիկան կյանքի կոչելուն և ծառայում է ազգային մի հաստատությունում։ Տպավորված եմ մարդկանց բազմաձայնությամբ և նվիրվածությամբ՝ համաշխարհային հարթակներում պահպանելու և առաջ մղելու արծնապատման եզակիությունը: Հանդիպել եմ մարդկանց, որոնք սեփական միջոցներն են ներդրել բարեգործական արտասովոր ստեղծագործական մարդասիրական գործերի և ամբողջ աշխարհում ուրիշ մարդկանց մարդասիրական գործը արժևորելու համար: Այցելել եմ հիմնադրամներ, որոնք հավերժացնում են իրենց հիմնադիրների վեհ տեսլականները՝ աջակցելու հասարակության ստվար զանգվածներին: Նախանշված նախագծերի կառուցիկությունն ու խորիմաստությունը, ինչպես նաև դրանց կենսագործումն ու ներկայացումը դրոշմված կմնան իմ մտքում: Հարավային Կովկասում միշտ տպավորված եմ մարդկային արժանապատվության խոր ընկալմամբ, որն ակներև է տարածաշրջանի երգի ու պարի մեջ: Հասկանում եք, որ ես այսպես կարող եմ անվերջ թվարկել ու թվարկել…
Ա.Կ.- Կարծում եմ, որ շատ կարևոր է անդրադառնալ Սուրբ Աթոռի դիվանագիտության հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև ձեր հիմնական աշխատանքին: Դուք նշեցիք, որ այն հիմնված է մարդկային արժանապատվությունը բարձրացնելու վրա։ Գուցե սկսեք այս կետը մանրամասնելով:
"Մարդու արժանապատվության" մասին խոսելը շատ ավելի համապարփակ է, քան իրավունքների մասին խոսելը: "Մարդկային արժանապատվությունը" խոսում է ի ծնե իրավունքի մասին, որն աստվածատուր է, այլ ոչ մարդկանց կողմից պարգևված։
ԺԱԲ.- Թերևս հարկ է նշել, որ Սուրբ Աթոռի դիվանագիտությունը «մարդկության դպրոց» է, այն իմաստով, որը յուրաքանչյուր պետության համար տեղական իրողության մաս է կազմում՝ այնուամենայնիվ պահպանելով մարդկության ավելի լայնախոհ և ժամանակակից հեռանկարային պատկերը:
Սուրբ Աթոռի դիվանագետները տնտեսական, քաղաքական և աշխարհառազմավարական շահեր չեն հետապնդում։ Ավելի շուտ, այս դիվանագետները ներկայացնում են անաչառ շահեր, այնպես, ինչպես ընկալվում է քրիստոնեական ավանդույթի պրիզմայից:
Մեր տեսանկյունից՝ մարդու արժանապատվության մասին խոսելը շատ ավելի համապարփակ է, քան իրավունքների մասին խոսելը: Մարդկային արժանապատվությունը խոսում է ի ծնե իրավունքի մասին, որն աստվածատուր է, այլ ոչ մարդկանց կողմից պարգևված։
Այս առումով դարերի ընթացքում Կաթոլիկ Եկեղեցին առաջ է քաշել իր սոցիալական վարդապետությունը. 1) կյանքի իրավունքը, հարգանքը մարդ արարածի և նրան բնորոշ արժանապատվության նկատմամբ. 2) խաղաղություն, խաղաղ համակեցություն ժողովուրդների միջև և աջակցություն խաղաղարար նախաձեռնություններին. 3) ժողովրդի ընտրած կառավարման համակարգի միջոցով սեփական ժողովրդի քաղաքական ճակատագրի կերտմանը մասնակցելու իրավունք. 4) հարգանք աշխարհակարգի նկատմամբ: Միով բանիվ, սրանք Սուրբ Աթոռի դիվանագիտության ընդհանուր ուղեցույցներն են։ Անշուշտ, Սուրբ Աթոռի գլխավոր դիվանագետը հենց Հռոմի Պապն է․ Առաքելական Նվիրակը պարբերաբար հանդիպումներ է ունենում Սրբազան Քահանայապետի հետ։
Ա.Կ.- Կարո՞ղ եք որևէ օրինակ բերել՝ ներկայացնելու համար, թե ինչպես է Վատիկանի քաղաքականությունն իրականացվում արտերկրում և հատկապես մեր տարածաշրջանում:
ԺԱԲ.- Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ մեծ է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ազդեցությունը մեր մոլորակի մարդկային ընտանիքի ստվար մասը կազմող փախստականների, միգրանտների, աղքատների և տեղահանվածների ծանր դրության վրա ուշադրություն հրավիրելու հարցում: Նա կոչ է անում հոգ տանել մեր մոլորակի, շրջակա միջավայրի մասին։ Սուրբ Աթոռը մասնակցում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի հանդիպումներին, այդ թվում նաև՝ Եգիպտոսում անցկացված վերջին՝ 27-րդ համաժողովին (COPS27): Սրբազան Քահանայապետը բարձրաձայն կոչ է արել երկխոսության և խաղաղության Ուկրաինայում, ինչպես նաև մեր տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում, սրանք ընդամենը մի քանի օրինակ են։
Առաքելական Նվիրակ Վիսվալդաս Կուլբոկասը այն հազվագյուտ դեսպաններից է, որը ողջ պատերազմի ընթացքում գործում է Կիևում և իր անձն ու գրասենյակը նվիրաբերում ծառայելու ավերիչ մարդասիրական աղետի ծանրությունը թեթևացնելու գործին: 2008 թվականի Ցխինվալի տարածաշրջանի պատերազմի ժամանակ Սուրբ Աթոռի Առաքելական Նվիրակ Կլաուդիո Գուջերոտտին, «Կարիտասի» հետ մեկտեղ, ակտիվ գործունեություն է ծավալել և աջակցել հումանիտար ճգնաժամի մեղմացմանը։ Վերջերս՝ 2022 թվականի նոյեմբերին, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Արքեպիսկոպոս Գուջերոտտիին նշանակեց Վատիկանի Արևելյան եկեղեցիների գործերով Դիկաստերիայի պրեֆեկտ՝ կառավարության նախարար:
Քահանայապետական դիվանագիտությունը համաշխարհային ասպարեզում ձայն է տալիս նրանց, ովքեր զրկված են ձայնի իրավունքից, անտեսվածներին և հալածյալներին, ինչպես, օրինակ՝ Մյանմարի, Սալվադորի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ընթացիկ ճգնաժամի ժամանակ, սրանք սոսկ մի քանի օրինակներ են:
Մենք հավատում ենք, որ մարդու արժանապատվությունը կամ մարդու իրավունքները սկսվում են հավատի և խղճի ազատությունից, և այդ իրավունքից բխում են մնացյալ բոլոր իրավունքները: Հռոմի Պապը եղել է հավատի և խղճի ազատության ձայն:
Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի՝ տարբեր կրոնների ներկայացուցիչների շարունակական հավաքի միջոցով Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սեփական անձն է նվիրաբերել աշխարհասփյուռ գլոբալ ընտանիքի հետ հարաբերությունների ամրապնդման գործին:
Բազմաթիվ օրինակներ կարող եմ հիշատակել այս առումով, բայց մի կետ եմ ուզում կարևորել, որ Սուրբ Աթոռի դիվանագիտությունը, որը հանդես է գալիս super partes [ոչ կանխակալ, անաչառ - CJ], հավատարիմ է բարձրագույն արժեքներին և ամբողջությամբ ներգրավված է աշխարհի հիմնախնդիրներում։
Ա.Կ.- Կարող եք ներկայացնել հիշատակության արժանի դեպքեր կամ Առաքելության ծրագրեր։ Օրինակ՝ ես գիտեմ, որ աջակցում եք համալսարանական կրթությանը, միջկրոնական երկխոսությանը և այլն․․․
ԺԱԲ.- Նախևառաջ ուզում եմ անդրադառնալ հասարակական, համալսարանական, առողջապահության և այլ բնագավառներում այն բացառիկ գործունեությանը, որ ամեն օր ծավալում են Վրաց Ուղղափառ Եկեղեցին Վրաստանում և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին Հայաստանում, չեմ անդրադառնա կառավարական և մասնավոր հաստատություններին։ Բացառիկ եկեղեցականներ, հոգևորականներ և հավատացյալներ կան այս եկեղեցիներում, որոնք ամենօրյա առատաձեռն և հիանալի գործ են արել, սակայն չեն ընկալվել հասարակության լայն շերտերի կողմից։ Կաթոլիկ Եկեղեցին այս հաստատությունների և անհատների կողքին է գործում։
Շատ գործուն է Հարավային Կովկասում Կաթոլիկ Եկեղեցու «Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունը։ Վրաստանի «Կարիտասը» և «Հայկական Կարիտասը» մաս են կազմում միջազգային «Կարիտաս» կազմակերպության, որը աշխարհի ավելի քան 200 երկրում գործող 162 ազգային «Կարիտաս» կազմակերպությունների համադաշնություն է։ Նախագահը Կարդինալ Լուիս Անտոնիո Տագլն է, գլխավոր գրասենյակը Վատիկանում է։ «Կարիտասը» առանց թմբկահարելու և արդյունավետ է գործում՝ նվազ բյուրոկրատական ու առավել արդյունավետ աշխատակիցների փոքր ցանցի և տարբեր հավատի ու ազգության նվիրյալ կամավորների ստվար բանակի շնորհիվ։ Նրանք աշխատում են առողջապահության և սոցիալական իրազեկման ոլորտներում՝ աջակցելով ստացիոնար հիվանդներին, հիմնելով շարժական ճաշարաններ, օթևաններ, ապաստարաններ, օգնելով փախստականներին, աջակցելով երիտասարդներին, այդ թվում՝ օգնություն հասցնելով Հարավային Կովկասի հեռավոր համայնքներին։ Կաթոլիկ Եկեղեցին յուրաքանչյուր երկրում աշխատում է այլ հաստատությունների հետ մեկտեղ՝ կարիքները լավագույնս ապահովելու համար։
Տեղական մակարդակով Կաթոլիկ Եկեղեցու Կամիլյանների միաբանությունը տնօրինում է Հայաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Աշոցք գյուղի հիվանդանոցը։ Այն գործում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից ի վեր։ Կաթոլիկ Եկեղեցին ունի նաև կլինիկա Վրաստանում՝ հաճախ օգնություն ցուցաբերելով բոլոր նրանց, ովքեր ի վիճակի չեն վճարովի հիմունքներով բուժօգնություն ստանալու, օգնում են նաև հենաշարժական խնդիրներ ունեցող մարդկանց այն շրջաններում, որտեղ հիմնական ծառայություններն անհասանելի են։
Կալկաթայի Մայր Թերեզայի Գթության միանձնուհիները տարածաշրջանում չորս տուն ունեն, որտեղ սիրով ու անհատույց խնամում են ծանր առողջական խնդիրներ ունեցող որբերի և տեղահանվածների:
Կան նաև բազմաթիվ այլ միաբանություններ՝ Անարատ Հղության Հայ քույրերը, Ս․ Նինոյի քույրերը, Բենեդիկտյան քույրերը, Սալեզյան քույրերը, Ֆրանչիսկյաններն ու Մխիթարյան միաբանությունը՝ հայկական մշակույթում իր առանցքային դերակատարմամբ․ անդրադարձա մի քանիսին․․․
Թբիլիսիի Սուլխան-Սաբա համալսարանը նշում է հիմնադրման 20-ամյակը և կապված է աշխարհում սփռված բազմաթիվ կաթոլիկ համալսարանների հետ։ Կրթաթոշակներ են հայթայթվել և՛ տեղի, և՛ արտերկրի ուսանողների համար։ Կաթոլիկ Սալեզյանների միաբանությունը ներկայումս վարպետաց նոր կրթահամալիր է կառուցում Թբիլիսիում՝ երիտասարդներին օգնելու ծառայության ոլորտում արհեստներ ձեռք բերելու համար։
Տարբեր ոլորտներում զանազան ծրագրերի ենք աջակցում՝ սոցիալականից մինչև մշակութային ծրագրեր, առողջապահությունից մինչև ակադեմիական առաջադիմություն և էկումենիկ երկխոսություն, առանց ռասայական կամ կրոնական խտրականության։ Շնորհակալություն շռայլ հոգու տեր, ոգեշնչված և նվիրյալ կամավորների բանակին, որ տարբեր երկրներում գործել է բազմաթիվ մարդկանց և հաստատությունների կողքին, փոքր տարբերություն բերելով մարդկանց կյանքում՝ անկախ ռասայից կամ դավանանքից։
Կաթոլիկ եկեղեցին այստեղ չի գտնվում որևէ մեկին դավանափոխ անելու համար։ Մենք այստեղ ենք համագործակցելու և ծառայելու համար։ Ես կուզեի ավելի լայն համագործակցություն և համացանցային կապ հովանավորել եկեղեցիների և հաստատությունների միջև կարիքները լավագույնս ապահովելու համար։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է մարդկային, նյութական կամ տնտեսական ռեսուրսների համար դիմել սովորական մարդկանց՝ համագործակցության և ավելի լավ ծառայության համար։ Կարծում եմ, որ շատերը կընդունեն նման աջակցություն, որը կլինի քրիստոնեության իսկական վկայություն։
Նման ուշագրավ առիթ ներկայացավ անցյալ տարվա հունիսին, երբ Վրաց Ուղղափառ Եկեղեցին, Վրաստանի կառավարությունն ու Սուրբ Աթոռը համատեղ պատմական համերգ կազմակերպեցին Վատիկանի Սիքստինյան մատուռում, որտեղ միաժամանակ հանդես եկան Վրաց Ուղղափառ Եկեղեցու և Սիքստինյան մատուռի երգչախմբերը։ Հայտնի սոպրանո Յանո Ալիբեգաշվիլին հատուկ ելույթով ներկայացրեց Նորին Սուրբ Օծություն Տ․Տ․ Իլյա Բ․ Ամենայն Վրաց Կաթողիկոս-պատրիարքի հեղինակած «Ավե, Մարիա» օրհներգը։
Արտակարգ էր, ինչպիսի՜ բացառիկ հարթակ։ Մեր շուրջը Միքելանջելոյի Արարչագործության և Վերջին դատաստանի որմնանկարներն էին, այստեղ դարեր շարունակ պապեր են ընտրվել այնպիսի ժամանակներում, երբ մարդկությունն ապրում էր պատերազմների ուրվականի ներքո։
Սուրբ Աթոռին հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուրերի ներկայությամբ համերգը հեռարձակվեց ուղիղ եթերով, ինչպես նաև մի քանի անգամ՝ հաջորդ ամիսներին։ Մարդիկ եկել էին օրհներգություն՝ խաղաղության աղոթք բարձրացնելու։ Հիանալի հաղորդագրություն էր։
Ա.Կ.- Հոգևոր ուղղությունը Վատիկանի դիվանագիտությունը մյուս երկրներից առանձնացնող բնորոշ գիծն է։ Հայաստանն ու Վրաստանը հատկապես հետաքրքրական պետք է լինեն որպես աշխարհի հնագույն քրիստոնյա երկրներ, այդպես չէ՞։ Միևնույն ժամանակ երկու երկրներն էլ, եկեղեցիների հետ մեկտեղ, բավականին տարբեր են միմյանցից, նաև Եկեղեցու ունեցած հասարակական-քաղաքական դերակատարման առումով։ Հաշվի առնելով երկուսի հետ համատեղ աշխատանքը՝ եզակի հնարավորություն ունեք Հայաստանի և Վրաստանի միջև զուգահեռներ անցկացնելու։ Կա՞ արդյոք ձեզ զարմացնող որևէ փաստ այս հարևան քրիստոնյա եկեղեցիներում կամ դրանց փոխհարաբերություններում։
ԺԱԲ.- Հավանաբար կան Սուրբ Աթոռի դիվանագիտությունն առանձնացնող տարբեր գծեր, և վստահաբար կրոնականը դրանցից մեկն է։ Դիպչել որևէ մեկի ճշմարիտ հավատին՝ կնշանակի նրա էության խորքին դիպչել։
Սուրբ Աթոռը․․․ չի ցանկանում ՄԱԿ-ում հարկադրված
քվեարկություններ մասնակցել։
Սուրբ Աթոռը դիտորդի կարգավիճակով իր ձայնն ունի և ազատ է կիրառելու բարոյական իշխանությունը այնպես, ինչպես նույն կարգավիճակում
գտնվող մյուս երկրները։
Սուրբ Աթոռը ՄԱԿ-ում ունի “դիտորդի կարգավիճակ”, 185 երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ ունի։ ՄԱԿ-ում “դիտորդի կարգավիճակը” հենց Սուրբ Աթոռի ընտրությունն է։ Նա չի ցանկանում դառնալ անդամ՝ այդպիսով “հարկադրված” լինելով ՄԱԿ-ում քվեարկելու։ Հետևաբար, Սուրբ Աթոռը “դիտորդի կարգավիճակով” իր ձայնն ունի և ազատ է կիրառելու “բարոյական իշխանությունը” այնպես, ինչպես նույն կարգավիճակում գտնվող մյուս երկրները։
Այսպես, Սուրբ Աթոռի դիվանագետները հավատարմագրվում են այնպես, ինչպես մյուս դիվանագետները՝ ընդունող պետություններում։ Մեր առաջնահերթ գործառույթը ընդունող երկրում ու դրա կառույցներում Սուրբ Աթոռը ներկայացնելն է։
Իր հերթին Սուրբ Աթոռը Կաթոլիկ Եկեղեցին է ներկայացնում աշխարհով մեկ սփռված իր ավելի քան մեկ միլիարդ անդամներով։ Կաթոլիկ եկեղեցին ողջ գործունեությունը՝ ակադեմիական, առողջապահական, հասարակական, էկումենիկ և ցանցը, լայն ու ընդգրկուն հաստատություն է, որ շաղկապում է նաև ոչ քրիստոնյա համայնքները։
Կաթոլիկ եկեղեցում Հռոմի Քահանայապետի հետ հաղորդակցության մեջ են 24 Արևելյան ծեսի եկեղեցիներ՝ բոլորը պահպանելով իրենց անհատական-յուրահատուկ ինքնավարությունը, ինչպես ամրագրված է Կանոնական օրենքում։ Հարավային Կովկասում ներկայացված են Կաթոլիկ Եկեղեցու 3 ծեսեր՝ լատինական, հայկական և ասորա-քաղդեական:
Կաթոլիկ եկեղեցու հավատացյալները Հարավային Կովկասի քաղաքացիներ են և այդտեղ են եղել դարեր շարունակ։ Նրանք նպաստել են յուրաքանչյուր ազգի ինքնորոշմանն ու կայացմանը։
Ընդհանրապես ընդունված է, որ Հայաստանն ու Վրաստանը աշխարհի հնագույն քրիստոնյա երկրներից են, որոնք կապված են առաքյալների և վաղ քրիստոնեական եկեղեցիների հետ։ Եվ յուրաքանչյուրն ունի նաև բավականին բարդ պատմություն։
Հայ Առաքելական և Գրիգորյան Ուղղափառ եկեղեցիները պատմության ընթացքում ծանր հալածանքների են ենթարկվել։ Երկու Եկեղեցիների ճարտարապետությունը խիստ տարբերվում է, չհաշված ծիսական արարողություններն ու օրացույցները։ Որպես Ֆրանցիսկոս Պապի ներկայացուցիչ՝ ինձ հաճախ են հրավիրում ներկա լինելու Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ծիսական արարողություններին, մինչդեռ Վրաց Ուղղափառ Եկեղեցու ծիսական արարողությունների դեպքում հազվադեպ է պատահում։
Հին քրիստոնեական ավանդությունների մանրակրկիտ ուսումնասիրությունը թույլ է տալիս նկատելու, որ աստվածաբանորեն՝ պատկերացրածից ավելի մոտ ենք։ Վրաստանի և Հայաստանի էթնիկ պատկանելության, պատմության, ազգայնության և կրոնի ոլորտներում յուրաքանչյուրը յուրովի հզոր ինքնություն է կերտել իր Եկեղեցում։
Պատիվ եմ ունեցել բազմաթիվ առիթներով հանդիպելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմական առաջնորդների և հոգևորականների, ինչպես նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Իլյա Երկրորդի, Վրաց Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոսների և հոգևորականների սինոդոսի հետ։
Հրաշալի անձնական հարաբերություններ ունեմ կաթողիկոսների հետ և բազմիցս հանգամանորեն ու խորությամբ քննարկել ենք տեղային հարցերը: Պատրիարքները մեծ բարոյական պատասխանատվություն են կրում հավատացյալների առաջ իրենց մեծափառ Եկեղեցիների և պատմության բեռի ներքո: Հիանալի անձնական հարաբերություններ ունեմ և՛ Հայ Առաքելական, և՛ Վրաց Ուղղափառ Եկեղեցիների թեմական առաջնորդների և հավատացյալների հետ:
Կաթոլիկ Եկեղեցին պատմականորեն երկու եկեղեցիների՝ Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցու հետ երկար ուղի է անցել։ Բավական է հիշել պատմական անձանց, որոնք կամուրջ են հանդիսացել եկեղեցիների միջև, ինչպես, օրինակ՝ Անջելո Լամբերտինին, Կաստելլի եղբայրները և Վրաց թագուհի Քեթևանի կապը Օգոստինյան միաբանության հետ։ Կամ Բենեդիկտոս ԺԵ Պապի 1915-ի հայերի ջարդերի ժամանակ արված խնդրանքը, 2015 թվականին Ֆրանցիսկոս Պապի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կառավարության անդամների և ժողովրդի մասնակցությամբ Ս․ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական Եկեղեցու Վարդապետ տիտղոսի շնորհումը՝ նրան դասելով այդ տիտղոսը կրող 36-րդ սրբերի շարքը։
Երբ 2016 թվականին Պապն այցելեց Վրաստան, Մցխեթի Սվետիցխովելի տաճարում անդրադառնալով Քրիստոսի պատմուճանին, որը, ըստ ավանդության, այդտեղ է պահվել և հիշեց, թե ինչպես էին աստվածաշնչյան աղբյուրները պատմուճանին վերաբերվում ինչպես անկար, ամբողջական կտորի - ճիշտ այնպիսին, ինչպիսին կոչված են լինելու քրիստոնյաները։
Կաթոլիկ եկեղեցու տեսանկյունից քույր Եկեղեցիների հետ համագործակցությունը ոչ միայն հարստացնում է, այլև քրիստոնյա եկեղեցիների հիմնական կոչումն է:
Ա.Կ.- Խոսելով Սուրբ Աթոռի հետ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին՝ կարո՞ղ եք ներկայացնել առաջնահերթությունները, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի նկատմամբ առանձնահատուկ մոտեցման տարբերությունը:
ԺԱԲ.- Ասեմ, որ Վրաստանը առաջնահերթ նշանակություն է տալիս միջազգային ճանաչմանը և սեփական ինքնիշխանությանը սատարելուն տարածքային ամբողջականությանը և Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցության իր հայտին: Սուրբ Աթոռը աջակցում է Վրաստանին։ 2019 թվականին Վատիկանի պետքարտուղար (կառավարության ղեկավար) կարդինալ Նորին Սրբություն Պիետրո Պարոլինի` Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում նրա առաջին այցը եղել է վրաց-օսեթական վարչական սահման, որտեղ նա հանդիպել է տեղահանվածների հետ: Այդպես էր նաև 2018 թվականին Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի (արտաքին գործերի նախարար) Նորին Գերապայծառություն Արքեպիսկոպոս Փոլ Գալագերի դեպքում: Սրանք Վրաստանին աջակցության հստակ նշաններ են:
Հայաստանը առաջնահերթ նշանակություն է տալիս իր ինքնիշխանությանը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին և այդտեղ հայկական ներկայությանը։ Օրակարգում հիմնական տեղում հումանիտար խնդիրներն են, մասնավորապես՝ ռազմագերիների ազատ արձակումը: Բացի այդ, լուրջ մտահոգության առիթ է ողջ տարածաշրջանի մշակութային արժեքների պահպանությունը: Սուրբ Աթոռն իր դիվանագիտական խողովակներով բարձրացրել է այս հարցը և միջազգային կառույցների հովանու ներքո հոժարակամ մասնակից է, էլ չենք ասում բազմաթիվ բարձրաստիճան երկկողմ այցելությունների մասին թե՛ Վատիկան, թե՛ Հայաստան։ Հայաստանն արդեն շուրջ տասը տարի է՝ մշտական դեսպան ունի Սուրբ Աթոռում, և 2021 թվականին Սուրբ Աթոռի Սոստիտուտո (փոխանորդ), “Սուրբ Աթոռի ներքին գործերի նախարար” Ն․Գ․ Արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառայի այցի շրջանակներում Երևանում բացվեց Առաքելական նվիրակությունը:
Հիմնականում յուրաքանչյուր ժողովուրդ ցանկանում է ապրել խաղաղ և ապագա սերնդի համար ապագա կերտել: Սուրբ Աթոռը գիտակցում է այս հարցերի կարևորությունը և դրանց վերաբերվում է խորին հարգանքով և անհապաղ: Սուրբ Աթոռն իր միջազգային գործընկերների հետ մեկտեղ Հայաստանի և Վրաստանի կողքին աշխատում է տարածաշրջանում բարձրացնել բարոյախոսության ձայնը՝ մարդկային արժանապատվությանը նպաստելու գործում:
Ա.Կ.- Խոսելով Վրաստանի մասին, կարծում եմ, որ եկեղեցուն ժողովրդի աջակցության մակարդակը Եվրոպայում ամենաբարձրերից է: Միաժամանակ եկեղեցու հասցեին քննադատություններ են հնչել, մասնավորապես ԵՄ-ին ինտեգրվելու երկրի ռազմավարության հետ կապված։ Ինչպե՞ս կսահմանեք ժամանակակից պետությունում աշխարհիկ և հոգևոր իշխանությունների ամենաբարենպաստ հավասարակշռությունը:
ԺԱԲ.- Հարցը բարդ է, և փազլի տարբեր կտորներ կան երկրի ներսից և դրսից ու տարբեր հարթակներում:
Վրաստանը եվրոպական երկիր է և
բազմաթիվ օգուտներ կբերի ԵՄ-ին։
ԵՄ անդամակցությունը նույնպես
շահեկան կլինի Վրաստանի համար։
Երբ խոսում ենք Եկեղեցու մասին, խոսում ենք բոլորի և ոչ մեկի մասին: Դա նման է այն բանին, երբ ասում են՝ «Վատիկանն ասում է»… ես միշտ սիրում եմ հարցնել, թե կոնկրետ ո՞ւմ նկատի ունեք: Կարծում եմ՝ Վրաստանի բնակչության 85%ը պատկանում է Վրաց Ուղղափառ Եկեղեցուն, այնպես չէ՞։ ԵՄ անդամ երկրների ուղղափառ եկեղեցիները բախվում են նույն խնդիրներին, որոնց առջև կանգնած է Վրաց Ուղղափառ Եկեղեցին:
Ցանկացած առողջ հասարակություն պետք է հիմնված լինի մնայուն արժեքների և բոլորի հանդեպ հարգանքի վրա, անգամ նրանց, ովքեր այլ կերպ են ապրում և այլ հավատի են դավանում։ Վրաստանի պատմության ընթացքում հանդիպում ենք տարբեր դավանանքների մարդկանց համակեցության հրաշալի ավանդույթների։ Վրաստանի հնագույն համայնքների շարքում են՝ հրեաները, մուսուլմանները և անգամ կաթոլիկները։ Մինչ եվրոպական երկրներում կթույլատրվեր կանանց մասնակցությունը ընտրություններին, Վրաստանն արդեն կանանց ընտրում էր իր ազգային կառավարության կազմում: Վրաստանը եվրոպական երկիր է և բազմաթիվ օգուտներ կբերի ԵՄ-ին։ ԵՄ-ին անդամակցությունը նույնպես շահեկան կլինի Վրաստանի համար։
Օպտիմալ հավասարակշռություն կլինի Վրաստանի պատմական լավագույն փորձառությունները նորից վեր հանելն ու տարբեր շրջանների բնակիչներին քաջալերել, որ իրենց ողջ ներուժը ներդնեն այս վեհ ազգի բարգավաճման գործում:
AK: Խոսելով Հայաստանի մասին՝ գիտեմ, որ Վատիկանը միշտ ուշադրության կենտրոնում է պահում ղարաբաղյան հակամարտությունը։ Կարո՞ղ ենք խոսել Սուրբ Աթոռի դիրքորոշման և այս հարցում ձեր կոնկրետ փորձառության մասին:
Ա.Կ.- Սուրբ Աթոռը մեծ ուշադրություն է դարձնում հակամարտություններին և հումանիտար դրություններին: Լեռնային Ղարաբաղի երկարամյա պատերազմը ընդամենն այդ պատերազմներից է, որոնք հումանիտար իրավիճակներ են ստեղծել։
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը համաշխարհային առաջնորդներից առաջինն էր, որ դեռ 2020 թվականի հուլիսին՝ նախքան սեպտեմբերին բուն պատերազմի սկիզբը, խոսեց ընթացիկ հակամարտության անմիջական սպառնալիքի մասին և ողջ պատերազմի ընթացքում, ամեն շաբաթ այդ մասին էր խոսում: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և աշխարհում իրենց դիվանագիտական ցանցի միջոցով բողոքի ձայն բարձրացրեց կառավարություններին, ինչպես նաև Հռոմում միջազգային հոգևոր առաջնորդների հետ հանդիպումների ընթացքում: Այդ ժամանակաշրջանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը և Կաթոլիկ Եկեղեցին Լեռնային Ղարաբաղում խաղաղության կոչի՝ արյունահեղությունից, զոհերից և հումանիտար ճգնաժամից զերծ մնալու հզոր բարձրաձայնողներ էին։
44-օրյա պատերազմի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հրադադարի և կառուցողական երկխոսության կոչ արեց՝ կայուն խաղաղություն հաստատելու համար։ Նա միջազգային հանրությանը հորդորեց իրենց լուման բերելու խաղաղ գործընթացին սատար կանգնելու և աջակցելու համար:
Հայաստանը մտահոգված է սեփական անվտանգությամբ, ռազմագերիների ծանր վիճակով և իր հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությամբ: Սրանք կարևոր հարցեր են։ Սա մարդկայնության հարց է, քանի որ խաղաղություն հաստատելը բոլորին օգուտ կբերի: Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Սուրբ Աթոռի դիրքորոշումը պարզ է. Սուրբ Աթոռը կոչ է արել և աշխատել է միջազգային գործընկերների մեկտեղ իրադրության և մարդասիրական ծանր վիճակի տևական հանգուցալուծման ուղղությամբ։
Տեխնոլոգիաները և սոցիալական հաղորդակցման միջոցները ավելի մեծ ուշադրություն են պահանջում:
Դրանք հասարակություն կերտելու,
անգամ ոչնչացնելու կարողություն ունեն․․․
Ա.Կ.- Թեև մեր հանդեսը կոչվում է Կովկասյան, այնուամենայնիվ մեր ամսագիրը հաճախ է դուրս գալիս տարածաշրջանային օրակարգից և փորձում անդրադառնալ ավելի լայն խնդիրների: Իր ճշմարիտ համաշխարհային ազդեցությամբ Սուրբ Աթոռի քաղաքականությունը առանձնապես կարևոր է։ Կշեշտե՞ք՝ ո՛ր ոլորտները: Միգուցե խաղաղության օրակարգը, որ շատ կարևոր է մեր օրերում:
ԺԱԲ.- Տարբեր են ոլորտները, որոնք արժանի են մեր ուշադրությանը, և ես անպայման կուզեի առանձնացնել.
- Խաղաղությունն էական է: Պատերազմում ամեն ինչ կորչում է, իսկ ապագան՝ վտանգվում։ Մենք բոլորս շաղկապված ենք և կրում ենք այն ամենի ազդեցությունը, ինչ տեղի է ունենում աշխարհի տարբեր անկյուններում, բավական է միայն հիշել COVID-19-ի համաշխարհային առողջապահական համավարակի մասին, թե ինչպես տարածվեց ամբողջ մոլորակով՝ ազդելով յուրաքանչյուր մարդու վրա:
- Մարդու արժանապատվությունը կարևոր հարց է։ Մարդկային զարգացման յուրաքանչյուր փուլում՝ մանկությունից մինչև ծերություն (առողջապահություն, կրթություն, կացարան, աշխատանք և այլն) յուրաքանչյուր մարդու համար անհրաժեշտ կենսական պայմաններ ապահովելը։ Ոչ պակաս կարևոր է բոլորի արժանապատվության նկատմամբ հարգանքը՝ անկախ մարդու սեռից, տարիքից, ռասայից, դավանանքից կամ ազգային պատկանելությունից: Դաստիարակել հարգալից վերաբերմունք՝ սկսած կրթական համակարգից՝ տարրական դպրոցից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ, մինչև պետական իշխանություններ և հաստատություններ:
- Ընդհանուր բնակչության շրջանում քաջալերել սոցիալական պատասխանատվության և ծառայության ավելի մեծ գիտակցում՝ ներգրավված լինելու ի նպաստ հասարակության բարօրության:
- Օտարերկրյա հաստատությունները և «ներկայացուցիչները», որոնք հյուրընկալվում են որևէ երկրում, պետք է գիտակցեն, որ ընդամենը հյուր են: Գաղափարախոսություն պարտադրելը որևէ մեկի գործին չի ծառայում։
- Տեխնոլոգիաները և սոցիալական հաղորդակցման միջոցները ավելի մեծ ուշադրություն են պահանջում: Դրանք հասարակություն կերտելու, անգամ ոչնչացնելու կարողություն ունեն, և այդ ամենն այնքան արագ է փոխվում:
Սրանք այն ոլորտներն են, որոնք պետք է հաշվի առնել:
Կյանքում իմ ճանաչած սրբերը
իմ հարազատ ընտանիքում էին,
որոնք ոգեշնչում և խրախուսում էին
արժեքներն ու մեծահոգությունը:
Ա.Կ.- Եկեք մի պահ շեղվենք մեր քննարկման թեմաներից: Ճի՞շտ է, որ Պիտեր դե Բետանկուրը՝ կաթոլիկ սուրբը, ու դուք նույն ընտանիքից եք։ Ներողություն եմ խնդրում, եթե սա նեղ անձնական հարց է, բայց որևէ սրբի հետ կապված լինելն այնքան հազվադեպ է լինում, որ չէի կարող չհարցնել, թե արդյոք դա ազդեցություն ունեցե՞լ է ձեր կյանքի վրա:
ԺԱԲ.- Եթե անցնենք մեր տոհմածառերով, բոլորս կունենանք հարազատներ, որոնք ոգեշնչում են մեզ և մեր հայացքը բարձրացնում են դեպի ավելի վեհ արժեքներ և արժանապատվություն, որոնց համար բոլորս ենք կոչված: Կյանքում իմ ճանաչած սրբերը իմ հարազատ ընտանիքում էին, որոնք ոգեշնչում և խրախուսում էին արժեքներն ու մեծահոգությունը: Յուրաքանչյուրն իր ընտանիքում կարող է առաքինի հարազատ գտնել։
Ա.Կ.- Իրոք շատ լավ է ասված... Դուք պարգևատրվել եք երկու պետական շքանշաններով՝ առաջինը Քրիստոսի միաբանության շքանշանն է, որը 1319 թվականին հիմնել են Տաճարական ասպետները, երկրորդը` Իտալիայի Հանրապետության՝ Մատուցած ծառայությունների համար բարձրագույն սպայի շքանշանը: Մեր ընթերցողներն ինձ չեն ների, եթե չհետաքրքրվեմ ձեր գերազանց պատվոնշանների հետևում թաքնված պատմությամբ:
ԺԱԲ.- Տասնվեց պետական պարգևներ ունեմ, ի թիվս որոնց՝ մեկը, որը մեծ պատիվ էր ինձ համար ստանալը՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից:
Քրիստոսի միաբանության շքանշանը ստացել եմ Լիսաբոնի նախագահական նստավայրում՝ անձամբ Պորտուգալիայի նախագահի կողմից։ Դա իրոք մեծ պատիվ էր ինձ համար։ Միաբանությունը արմատավորված է անցյալում, սակայն որ Պորտուգալիան երբեք չի վերացրել Տաճարական ասպետներին, այլ փոխակերպել է և ինտեգրել իր ազգային էպոսին, ուստի գոյությունն մինչ օրս էլ պատվաբեր է:
Ամենակարևորը մարդկության բարօրության համար ծառայությունն է: Այս առումով մեծագույն պատիվ ունեմ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից նշանակված լինելու որպես արքեպիսկոպոս և Առաքելական Նվիրակ՝ ծառայելու Սուրբ Աթոռին, ինչպես նաև իմ պաշտոնավարման վայրի մարդկանց ու շրջաններին։ Դրա համար ես իսկապես գոհություն եմ հայտնում Աստծուն:
Վերջերս վրացական ավանդական սուփրայի (ընթրիքի) և դա ուղեկցող «գամարխոզե»-ի (կենացների) ժամանակ թամադան (երեկոն վարողն ու հանդիսավարը) առաջարկեց խմել սեղանի շուրջը գտնվող օտարերկրյա հյուրերից յուրաքանչյուրի մայր հողի կենացը։ Իմ դեպքում մայր հողի կենացը պարզ չէր… Ասացի, որ իմ մայր հողը ավելի շատ իմ հավատքի մեջ է…
Ա.Կ.- Եթե կա որևէ բան, որը կցանկանայիք ավելացնել մեր ընթերցողների համար, խոսքը ձերն է: Կարծում եմ, որ մեր ընթերցողներից շատերը անհամբերությամբ կսպասեն ձեր ուղերձին:
Եթե նույնիսկ մի ամբողջ կյանք անցկացնեմ Հարավային Կովկասում,
դեռ կշարունակեմ այս հինավուրց
հողի նորանոր խոր շերտեր բացահայտել:
ԺԱԲ.- Պիտի ցանկանայի շնորհակալություն հայտնել ձեր լրահոսի և վերլուծությունների համար, որոնք Caucasian Journal-ը և իր հմուտ անձնակազմը տրամադրում են ընթերցողներին, այդ թվում՝ նաև ինձ: Լրատվամիջոցները սոցիալական պատասխանատվություն ունեն իրազեկելու և կառուցողական հասարակություն կերտելու գործում: Շնորհակալություն այս ծառայության համար:
Կովկասում ականատես եմ եղել աշխարհի նկատմամբ մեկ այլ հայացքի, այնպես, ինչպես երևում է Հարավային Կովկասի հին Մետաքսի ճանապարհից: Հմայվել եմ Արարատի տեսարանով և այն հովիտներով, որտեղ աշխատել են Նոյի սերունդները, հրապուրվել ոսկե գեղմի հեքիաթների երկրում և երկրի առատ, անուշաբույր և անուշահամ բերքը հյուրասիրվել եղջյուրներով՝ համտեսելով դեռևս ավանդական մեթոդներով պատրաստվող գինիները: Տեսել եմ վաղ քրիստոնեական պաշտամունքային սրբապատկերներ և շոշափել հնագույն քաղաքակրթությունների ժամանակներից գոհարազարդերը: Ու եկել եմ այն եզրակացության, որ եթե նույնիսկ մի ամբողջ կյանք անցկացնեմ Հարավային Կովկասում, դեռ կշարունակեմ այս հինավուրց հողի նորանոր խոր շերտեր բացահայտել։
Հարավային Կովկաս եկած օրվանից, տարիներ շարունակ անցել ենք մարտահրավերների և ձեռքբերումների միջով: Իսկապես ավելացել է այս տարածաշրջանի մարդկանց և հողի հանդեպ ակնածանքս: Անկախության երեսուն տարիների ընթացքում այս երկրները հսկայական քայլ են կատարել իրենց առաջընթացի գործում և իրենց արժանի տեղը զբաղեցրել համաշխարհային ասպարեզում։ Հանդիպել եմ հիանալի մարդկանց, որոնք ծառայելու արտասովոր ունակություն ունեն իրենց գործի և ազգի հանդեպ ունեցած պարտականությունների մեջ: Այստեղ ես շնչել եմ, տեսել ու շոշափել նոր գագաթներ։ Ես Բետանկուրիշվիլի եմ՝ երբ Վրաստանում եմ, իսկ «պետական պատվի արժանացած» Բետանկուրյան՝ երբ Հայաստանում եմ… քանի որ «հավատքն իմ մայր հողն» է։
Շնորհակալություն:
Ա.Կ.- Անչափ շնորհակալ եմ հիաշալի պատասխանների համար: Ինձ համար իրոք շատ հաճելի էր այս հարցազրույցը:
Read the English language version here.