19.01.2022 («Կովկասյան ամսագիր»). Այս ամսվա սկզբին ԵՄ անդամ երկրների և Արևելյան Գործընկերության (ԱլԳ) առաջնորդները հանդիպեցին Բրյուսելում կայացած Արևելյան Գործընկերության գագաթնաժողովում, որը չորս տարվա ընթացքում առաջին ԱլԳ գագաթնաժողովն էր: Արևելյան Գործընկերությունը (ԱլԳ) համատեղ քաղաքական նախաձեռնություն է, որը ձևավորվել է 2009 թվականին՝ ամրապնդելու ԵՄ և նրա արևելյան վեց հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև հարաբերությունները:
Այս կարևոր իրադարձության արդյունքներն ավելի լավ հասկանալու համար «Կովկասյան ամսագիրը» Արևելյան Գործընկերության գծով արտգործնախարարության հատուկ պատվիրակ, դեսպան Գերտ ԱՆՑՈՒԻՆ խնդրել է մեկնաբանել ԱլԳ ապագան, ինչպես նաև ԵՄ և Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները: Սա Գերտ Անցուի և «Կովկասյան ամսագրի» թվով երկրորդ հարցազրույցն է. նախորդը կարող եք ընթերցել այստեղ:
▶ In English: Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:
Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, «Կովկասյան ամսագրի» գլխավոր խմբագիր. Եվրոպայում և, մասնավորապես մեր տարածաշրջանում շատերն անհամբեր սպասում էին ԱլԳ գագաթնաժողովին: Այժմ արդեն ծանոթ ենք պաշտոնական հայտարարություններին, ինչպես նաև որոշ փորձագետների տեսակետներին, այդուհանդերձ կարևոր ենք համարում Գործընկերությանն առավել մոտ կանգնած անձի՝ քաջատեղյակ, չեզոք և պրոֆեսիոնալ մեկնաբանությունները: Ունե՞ք, արդյոք շատ (կամ քիչ) սպասելիքներ ԱլԳ վերջին գագաթնաժողովից: Կա՞ որևէ բան, որն անակնկալի բերեց Ձեզ, այլ կերպ ասած՝ սպասվածից շատ ավելի տարբերվեց։
Գ.Ա.- Ես կասեի, որ ակնկալիքները բավական շատ էին. չէ՞ որ չորս տարի շարունակ գագաթնաժողով չէր եղել, և ղեկավարների կամ պետությունների մակարդակով հանդիպումն արդեն իսկ դրական քաղաքական ազդակ էր: Ասեմ ավելին՝ բավական ժամանակ կար ի մի բերելու և քննարկելու Արևելյան Գործընկերության ապագա նպատակներն ու կառուցվածքը՝ առնվազն ԵՄ անդամ երկրների միջև: Եթե նույնիսկ Գործընկերությունում արմատական փոփոխություն չիրականացվեր, ԵՄ գործընկեր երկրների ինտեգրման կայուն շարունակությունն արդեն իսկ արժանի նպատակ էր, և ես մեծ հույս ունեի, որ համատեղ հռչակագրի ձևակերպման շուրջ հնարավոր ցանկացած բանավեճ չէր խանգարի իրական ինտեգրման գործընթացին։ Դժվար բանակցություններ էին ընթանում ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև ԵՄ և գործընկեր երկրների միջև, բայց ես ուրախ եմ, որ աշխարհաքաղաքական բարձր լարվածության պայմաններում ամեն ինչ լավ ավարտ ունեցավ, մենք համաձայնություն ձեռք բերեցինք համատեղ հռչակագրի շուրջ, և 2022թ. արդեն կարող ենք գործարկել քաղաքականության նոր ուղղությունները։