ISSN 2667-9833

Caucasian Journal is now with video.

 Խնդրում ենք սեղմել այստեղ մեր ալիքին բաժանորդագրվելու համար

Դեսպան Գերտ ԱՆՑՈՒ. «Մենք պարզապես չենք կարող մեզ թույլ տալ կորցնել հետաքրքրությունը Արևելյան հարևանների հանդեպ»

19.01.2022 («Կովկասյան ամսագիր»). Այս ամսվա սկզբին ԵՄ անդամ երկրների և Արևելյան Գործընկերության (ԱլԳ) առաջնորդները հանդիպեցին Բրյուսելում կայացած Արևելյան Գործընկերության գագաթնաժողովում, որը չորս տարվա ընթացքում առաջին ԱլԳ գագաթնաժողովն էր: Արևելյան Գործընկերությունը (ԱլԳ) համատեղ քաղաքական նախաձեռնություն է, որը ձևավորվել է 2009 թվականին՝ ամրապնդելու ԵՄ և նրա արևելյան վեց հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև հարաբերությունները: 

Այս կարևոր իրադարձության արդյունքներն ավելի լավ հասկանալու համար  «Կովկասյան ամսագիրը»  Արևելյան Գործընկերության գծով արտգործնախարարության հատուկ պատվիրակ, դեսպան Գերտ ԱՆՑՈՒԻՆ խնդրել է մեկնաբանել ԱլԳ ապագան, ինչպես նաև ԵՄ և Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները: Սա Գերտ Անցուի և «Կովկասյան ամսագրի» թվով երկրորդ հարցազրույցն է. նախորդը կարող  եք ընթերցել այստեղ:

▶ In English: Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:


Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, «Կովկասյան ամսագրի» գլխավոր խմբագիր. Եվրոպայում և, մասնավորապես մեր տարածաշրջանում շատերն անհամբեր սպասում էին ԱլԳ գագաթնաժողովին: Այժմ արդեն ծանոթ ենք պաշտոնական հայտարարություններին, ինչպես նաև որոշ փորձագետների տեսակետներին, այդուհանդերձ կարևոր ենք համարում Գործընկերությանն առավել մոտ կանգնած անձի՝ քաջատեղյակ, չեզոք և պրոֆեսիոնալ մեկնաբանությունները: Ունե՞ք, արդյոք շատ (կամ քիչ) սպասելիքներ ԱլԳ վերջին գագաթնաժողովից: Կա՞ որևէ բան, որն անակնկալի բերեց Ձեզ, այլ կերպ ասած՝ սպասվածից շատ ավելի տարբերվեց։

Գ.Ա.- Ես կասեի, որ ակնկալիքները բավական շատ էին. չէ՞ որ չորս տարի շարունակ գագաթնաժողով չէր եղել, և ղեկավարների կամ պետությունների մակարդակով հանդիպումն արդեն իսկ դրական քաղաքական ազդակ էր: Ասեմ ավելին՝ բավական ժամանակ կար  ի մի բերելու և քննարկելու Արևելյան Գործընկերության ապագա նպատակներն ու կառուցվածքը՝ առնվազն ԵՄ անդամ երկրների միջև: Եթե նույնիսկ Գործընկերությունում արմատական փոփոխություն չիրականացվեր, ԵՄ գործընկեր երկրների ինտեգրման կայուն շարունակությունն արդեն իսկ արժանի նպատակ էր, և ես մեծ հույս ունեի, որ համատեղ հռչակագրի ձևակերպման շուրջ հնարավոր ցանկացած բանավեճ չէր խանգարի իրական ինտեգրման գործընթացին։ Դժվար բանակցություններ էին ընթանում  ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև ԵՄ և գործընկեր երկրների միջև, բայց ես ուրախ եմ, որ աշխարհաքաղաքական բարձր լարվածության պայմաններում ամեն ինչ լավ ավարտ ունեցավ, մենք համաձայնություն ձեռք բերեցինք համատեղ հռչակագրի շուրջ, և 2022թ. արդեն կարող ենք  գործարկել քաղաքականության նոր ուղղությունները։

Ա.Կ.- Կարո՞ղ եք կիսվել Բրյուսելի գագաթնաժողովից ձեր ընդհանուր տպավորություններով: Կա՞ արդյոք որևէ բան, որը նպատակահարմար եք գտնում հավելել հատկապես Եռյակ Ասոցիացիայի երկրների (Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) վերաբերյալ:

Գ.Ա.- Եռյակ Ասոցացիայի երկրները վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն բարելավել են իրենց համագործակցությունը: Ակնհայտ է, որ նրանք ավելի բարձր հավակնություններ ունեն  եվրաինտեգրման հարցում, և վստահ են, որ իրենց  հավակնությունները ճանաչում կգտնեն: Բանակցությունների վերջնական փուլում բուռն  քննարկման ենթարկվեց այդ ճանաչման ձևակերպման հարցը, և ի վերջո գտնվեց բոլոր կողմերի համար հարմար ձևակերպում։ Կարծում եմ, ցավալի կլիներ, եթե երեք երկրների հավակնությունները ավելի ցածր լինեին, քանի որ դա եվրոպական նախագծի պակաս գրավչության ազդանշան կլիներ, ուստի լավ էր, որ դրանք առաջ մղվեցին ընդհուպ մինչև վերջին պահը: Ակնհայտ է, որ ԵՄ կողմից միշտ տարակուսանքներ կան՝ գործընկերության մեջ ընդգրկելու հարցում, սակայն մենք, միանշանակ, պետք է հնարավորություն տանք բոլոր գործընկեր երկրներին առաջընթաց գրանցել այնպիսի արագությամբ, որքան հենց իրենք են ցանկանում, բայց միևնույն ժամանակ, պետք է ստվեր չգցենք  և նրանց վրա, ովքեր  առավելագույնս արագ են առաջընթաց գրանցում  և ունեն ամենաբարձր հավակնությունները:

Ա.Կ.- Որպես ԱլԳ մասնագետ, դուք հետևել եք իրականացվող նախագծերին, ինչպես նաև  ԵՄ և ԱլԳ երկրների հարաբերություններին, որոնք լայնորեն տատանվում էին ՝ սկսած կովկասյան հարցերում ԵՄ հաջող մասնակցությունից,  մինչև ԱլԳ-ից Բելառուսի դեֆակտո դուրս գալը՝ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների։ Եթե ​​ընդհանուր առմամբ հայացք գցեք ԱլԳ օրակարգին գագաթնաժողովից առաջ և հետո, ո՞ր կոնկրետ ծրագրերն են խթանվել, եթե այդպիսիք, իհարկե, կան: Կարո՞ղ եք, արդյոք նկատել առաջնահերթությունների որևէ փոփոխություն:

Գ.Ա.- Չեմ կարծում, որ առաջնահերթությունները շատ են փոփոխվել։ Հավանաբար, հաղորդակցությունն է փոքր-ինչ զիջել՝ ավելի մեծ նշանակություն տալով «տաս կարևորագույն թիրախներին» և կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերին: Կարծում եմ, որ այդ տեսանելի նախագծերի առկայությունը գործընկեր երկրների քաղաքացիներին ավելի լավ պատկերացում կտա այն մասին, թե ինչպես է ԵՄ-ն աջակցում իրենց և բարելավում իրենց կյանքը. օդի կամ ջրի որակի բարելավումը կամ նոր մայրուղիների կառուցումն ավելի նկատելի է, քան որոշ ավելի վերացական ասպեկտների: Միևնույն ժամանակ ընդհանուր արժեքների վրա կենտրոնացումը՝ որպես գործընկերության հիմնաքար, և այն բարեփոխումների ջանքերը, որոնք պետք է ձեռնարկվեն գործընկեր երկրների կողմից, դեռևս գտնվում են ԱլԳ ուշադրության կենտրոնում:

 ԵՄ աջակցությունն ավելի բարձր է այն երկրներում, որտեղ բարեփոխումների առաջընթացն ավելի արագ է ընթանում, իսկ ժողովրդավարության մակարդակն ավելի բարձր է: 
«Ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, հուսով եմ, կշարունակի դրդել երկրներին ավելի արագ շարժվել առաջ՝ ավելի շատ օգուտներ քաղելու համար:

Ա.Կ.- Կարծես թե, «Եռյակի» երեք պետություններից միայն Մոլդովան է, որ կարող է արձանագրել կայուն առաջընթաց վերջին տարիներին ժողովրդավարացման և լավ կառավարման տեսանկյունից: Ըստ ձեզ, արդյոք «Եռյակը» դիտարկվու՞մ է որպես արժեքավոր գործիք: Ունի՞ այն ապագա ԵՄ-ի տեսանկյունից, թե՞ կդառնա ներքին ձևաչափ միայն երեք պետությունների համար:

Գ.Ա.- Անկասկած, կարող ենք ուրախանալ Մոլդովայի առաջընթացով, թեև ավելացնեմ նաև, որ Ուկրաինան նույնպես շարունակում է կայուն առաջընթաց գրանցել. ու քանի որ Մոլդովան սկսեց ավելի խորքից, նրանց առաջընթացն առավել տեսանելի է: Ավելի լայն իմաստով, կարծում եմ, որ պատասխանի մի մասը կայանում է հենց ձեր հարցի մեջ. դուք համեմատում եք երեք երկրները, և ահա, թե որտեղ «Եռյակը» օգտակար կլինի՝ միմյանց հետ համեմատվելու, միմյանցից սովորելու համար: Միևնույն ժամանակ, չեմ ակնկալում, որ ԵՄ+3-ի համար կստեղծվեն հատուկ ձևաչափեր՝ լինի դա նախարարական, թե որևէ այլ մակարդակի, բացառությամբ որոշ ոլորտների, որտեղ երեք երկրները օբյեկտիվորեն տարբեր աստիճանների վրա են, օրինակ առևտուրը, որտեղ արդեն իսկ կայացել է  նախարարների հանդիպումը համավարակից առաջ:  Այնուամենայնիվ  կպատասխանեմ՝ ասելով միայն, որ եթե երկարաժամկետ հեռանկարում երեք երկրներն էլ ավելի առաջ ընթանան մյուս երեքից, կարող ենք այլ կերպ վարվել նաև պաշտոնական հարթության վրա:

Ա.Կ.- Իր ելույթում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշեց «Վրաստանի գյուղական շրջաններում գերարագ ինտերնետի ընդլայնման կամ Սև ծովի տակ օպտիկամանրաթելային մալուխի տեղակայման մասին» : Այս հարցի առնչությամբ կարո՞ղ ենք անդրադառնալ արդյոք ԱլԳ երկրներին ԵՄ տնտեսական աջակցության և նրանց ժողովրդավարությանն ու բարեփոխումներին հավատարիմ մնալու հարաբերակցությանը:

Գ.Ա.- Մենք տարիներ շարունակ տեսել ու տեսնում ենք, որ ԵՄ աջակցությունն ավելի բարձր է այն երկրներում, որտեղ բարեփոխումների առաջընթացն ավելի արագ է ընթանում, իսկ ժողովրդավարության մակարդակն ավելի բարձր է: Եղավ դեպք, երբ  ԵՄ-ն զգալիորեն կրճատեց իր օգնությունը, երբ գործընկեր երկրում լուրջ հետընթաց գրանցվեց: Կարծում եմ, որ այս տեսակի պայմանականությունը պետք է կարևոր գործիք մնա նաև ապագայում, «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, հուսով եմ, կշարունակի դրդել երկրներին ավելի արագ շարժվել առաջ՝ ավելի շատ օգուտներ քաղելու համար՝ ոչ միայն օգնություն ստանալու, այլ նաև օրինակ՝ շուկա մուտք գործելու համար:

Նույնիսկ եթե գործընկեր երկրներում երբեմն լինում է «բարեփոխումների սպառվածություն», և առաջընթաց ակնհայտ չի գրանցվում, նույնիսկ եթե անդամակցության հստակ հեռանկարի բացակայությունը փոքր-ինչ հիասթափեցնող է, ոչ ոք չի կարող մշակել  զարգացման վստահելի այլընտրանքային ուղի:

Ա.Կ.- Եվ վերջապես, ի՞նչ կանխատեսումներ ունեք ԱլԳ հաջորդ գագաթնաժողովի կամ գագաթնաժողովների վերաբերյալ: Ձեր տեսանկյունից, կա՞, արդյոք «վատագույն սցենար», որի դեպքում ԵՄ-ն, ի վերջո, կարող է կորցնել հետաքրքրությունը կամ քաղաքական հանձնառությունը իր որոշ Արևելյան հարևանների նկատմամբ՝ հանգեցնելով ընդհուպ մինչև ԱլԳ քայքայմանը:

Գ.Ա.- Երբ մենք դիտարկում և վերլուծում ենք աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում վերջին մի քանի շաբաթների, ամիսների կամ տարիների կտրվածքով, ապա կարծում եմ, պարզապես չենք կարող մեզ թույլ տալ ոչ միայն կորցնել, այլև նվազեցնել հետաքրքրությունը: Սա հավասարապես վերաբերում է ինչպես ԵՄ-ին,  այնպես էլ  գործընկեր երկրներին։ ԵՄ-ի համար սա մեր անմիջական հարևանությունն է, իսկ գործընկեր երկրների՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ գործընկերությունը ապագայում կստեղծի  լավագույն հնարավորություն՝ զարգացման, անվտանգության և բարգավաճման համար: Նույնիսկ եթե գործընկեր երկրներում երբեմն լինում է «բարեփոխումների սպառվածություն», և առաջընթաց ակնհայտ չի գրանցվում, նույնիսկ եթե անդամակցության հստակ հեռանկարի բացակայությունը փոքր-ինչ հիասթափեցնող է, ոչ ոք չի կարող մշակել  զարգացման վստահելի այլընտրանքային ուղի: Ավելի լավ է հասկանալ, որ օրենքի գերակայությունը, կոռուպցիայի ցածր մակարդակը կամ նորմալ գործող պետության այլ ազդանշաններն անհրաժեշտ են հենց գործընկեր երկրներին, և ոչ միայն այն պատճառով, որ դրանք պահանջվում են ԵՄ-ի կողմից: Այսպիսով, այսօր իմ ակնկալիքը հետևյալն է. քանի որ վերջին գագաթնաժողովը արդեն իսկ սահմանել է գալիք տարիների նպատակներն ու դրանց հասնելու միջոցները, ապա հաջորդող գագաթնաժողովներն օգտակար լինեն գործընկերության քաղաքական կարևորությունը ընդգծելու, հաշվառման և ինտեգրման հետագա զարգացումը ապահովելու համար:

Ա.Կ.- Շատ շնորհակալ եմ:

Read the English language version here


«Կովկասյան ամսագիրը»  բարձր է գնահատում Թբիլիսիում Էստոնիայի դեսպանատան բարի աջակցությունն այս հարցազրույցի նախապատրաստական աշխատանքում:


«Կովկասյան ամսագրին» կարող եք հետևել հետևյալ հասցեներով՝

Google News  *  Twitter  *  Facebook  *  Medium  *  LinkedIn  *  YouTube  *  RSS

«Կովկասյան ամսագրին» էլեկտրոնային բաժանորդագրության հայտ ներկայացնելու  համար մուտքագրեք ձեր էլ.փոստի հասցեն.