07.12.2023 (Կովկասյան ամսագիր) Caucasian Journal-ի համար պատիվ է ողջունել Վրաստանում և Հունգարիայում Հայաստանի դեսպան Նորին Գերազանցություն Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ։
▶ In English: Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:
Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, «Կովկասյան ամսագրի» գլխավոր խմբագիր. - Ձերդ գերազանցություն, բարի գալուստ Կովկասյան ամսագիր: Այս հարցազրույցը մեզ համար առանձնահատուկ է, քանի որ մեր ամսագրի նպատակներից մեկն է աջակցել մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև առկա դարավոր կապերին, կիսվել ձեռքբերումներով և քննարկել արդի խնդիրների լուծման հնարավորությունները։ Այսպիսով, երբ ես պլանավորում էի այս հարցազրույցի հայեցակարգը, ես ուզում էի առաջարկել քննարկման երկու հիմնական թեմա՝ Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների հետևանքները և Հայաստան-Վրաստան հարաբերությունները։ Դուք կարող եք ուղղել ինձ՝ ուղղորդելով դեպի այլ թեմաներ, բայց թույլ տվեք սկսել՝ կարեկցանք հայտնելով ավելի քան 100,000 հայերին, որոնք ստիպված եղան լքել Արցախը (Լեռնային Ղարաբաղը), և այս պահին շատ հեռու են իրենց հայրենիքից: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա՝ և՛ որպես դիվանագետ, և՛ որպես մարդ:
Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆ - Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար։ Արդեն մեկ տարի է, ինչ նշանակվել եմ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան, և կարծում եմ, որ սա լավ հնարավորություն է ամփոփելու այն առաջընթացը, որն ունեցել ենք այս տարվա ընթացքում։
Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ձեր աջակցության խոսքերի համար, կարևոր է լսել այս խոսքերը մեր բարեկամ Վրաստանում։ Իսկապես, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ սանձազերված ագրեսիան, որին հաջորդեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ էթնիկ բնակչության բռնի տեղահանությունը, ոչ այլ ինչ էր, քան էթնիկ զտում, որը պետք է խստորեն դատապարտվեր միջազգային հանրության կողմից։ Ցավոք, մենք ականատեսը եղանք թե ինչպես է 100 հազար մարդ Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվում իր հայրենիքից։
Ցավոք, Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020 թվականի պատերազմից հետո մենք ականատեսն ենք Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական հայտարարություններին, որոնք պնդում են, որ ուժը կարող է լինել հարցերի լուծման օրինական գործիք, ինչը նման է Պանդորայի արկղը բացելուն։ Եվ այստեղ բանականությունը հուշում է, որ միշտ կգտնվի մեկը, որ ուժեղից ավելի ուժեղ է։
Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, նաև մարդկային մեծ ողբերգություն է։ Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանի հետ միասին մեր բոլոր բարեկամ երկրները կփորձեն աջակցել այս մարդկանց տարրական կարիքները հոգալուն՝ կիսելով նրանց ցավը։
Ա.Կ. - Ի՞նչ ապագա է սպասվում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և էթնիկ արցախահայությանը:
Ա.Ս. - Սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ, որը հարյուրավոր կյանքեր խլեց՝ խաղաղ բնակչության, կանանց և երեխաների: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի տեղահանվեցին, կանայք, երեխաները և ծերերը ստիպված եղան մնալ բաց երկնքի տակ՝ առանց սննդի և ապրուստի այլ միջոցների։ Այս ագրեսիան Լաչինի միջանցքի 10 ամիս տևած շրջափակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պարտադրված սովի գագաթնակետն էր։ Սննդի, դեղորայքի, վառելիքի, էլեկտրաէներգիայի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների խիստ պակասը Լեռնային Ղարաբաղի բնակչությանն արդեն հասցրել էր հումանիտար աղետի եզրին։ Ենթարկվելով գոյաբանական սպառնալիքի՝ Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդն այլ ելք չուներ, քան թողնել այն հողը, որտեղ դարերով ապրել էին իրենց նախնիները. ագրեսիայից հետո ընդամենը 3-4 օրվա ընթացքում ավելի քան 100 հազար մարդ բռնի տեղահանվեց Հայաստան։ Վերջին 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի քաղաքականությունը և գործողությունները ակնհայտորեն ցույց են տալիս այս զանգվածային ոճրագործության նախապես ծրագրված և կազմակերպված բնույթը։
Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը ընդհանուր խճանկարի մի մասն է միայն։ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի անօրինական օկուպացիան և անթաքույց խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումների մասին։ Ավելին, Բաքվում առ այսօր պատանդ են պահվում տասնյակ հայ ռազմագերիներ։
Ի հակադրություն սրան, Հայաստանը բազմիցս հաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իր հանձնառությունը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Մեր սկզբունքները մեծամասամբ ներկայացված են Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ։ Այս սկզբունքները շատ պարզ են. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, Հայաստան-Ադրբեջան սահմանի դելիմիտացիա՝ հիմնված Խորհրդային Միության վերջին քարտեզների վրա, ինչպես նաև բոլոր կապուղիների ապաշրջափակում՝ երկու պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո, հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Հատկապես վերջին կետի մասով, ցանկանում եմ նշել, որ հենց սա ենք մենք անվանում «Խաղաղության խաչմերուկ»։ Մենք վստահ ենք, որ մեր տարածքը կարող է վերածվել նշված խաչմերուկի, և դա տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն մեր տարածաշրջանին և մեր հարևաններին, այլ նաև ամբողջ աշխարհին, և սա կդառնա խաղաղության յուրատեսակ երաշխիք։
Ցավոք, ադրբեջանական կողմը կարծես շահագրգռված չէ բանակցային ճանապարհով խնդիրների կարգավորմամբ և տարածաշրջանում տևական խաղաղությամբ, այլ փորձում է շարունակել իր առավելապաշտական քաղաքականությունը։
Ա.Կ. - Շնորհակալ եմ «Խաղաղության խաչմերուկը» հիշատակելու համար։ Այս նախաձեռնությունը ներկայացվեց Հայաստանի վարչապետի կողմից 2023թ. հոկտեմբերի 26-ին, երբ պարոն Փաշինյանը մասնակցում էր Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովին՝ որպես գլխավոր բանախոսներից մեկը։ Կարո՞ղ եք մանրամասնել այս թեմայի շուրջ, ինչի՞ մասին է այն և ինչպե՞ս եք տեսնում գործնականում դրա իրականացումը։
Ա.Ս. - Հայաստանի կառավարությունը վերջերս մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես իր խաղաղության օրակարգի բաղկացուցիչ մաս։ Չնայած ներկա մարտահրավերներին, որոնց առերեսվում է Հայաստանի Հանրապետությունը, այս նախագծով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ստանձնելու մեր բաժին պատասխանատվությունը և ներդրում ունենալու տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։
Մենք հավատացած ենք, որ այս նախագիծը մեծապես բխում է մեր տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների շահերից, և այն կարող է դառնալ տարածաշրջանային խաղաղության և ներառական զարգացման հիմնասյուներից մեկը։
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական էությունը տարածաշրջանի բոլոր երկրների միջև կապուղիների հետագա զարգացումն է՝ ճանապարհների, երկաթուղիների, գազամուղների, մալուխների և էլեկտրահաղորդման գծերի վերականգնման, կառուցման և շահագործման միջոցով։ Սա պետք է հիմնված լինի ինքնիշխանության և պետությունների իրավասության, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա։
Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային այլ նախաձեռնությունների հետ մեկտեղ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կհանգեցնի տարածաշրջանի երկրների միջև խորը փոխկապակցվածության և փոխկախվածության՝ միաժամանակ հուսալի ենթակառուցվածքային կապեր ապահովելով հարևան պետությունների և տարածաշրջանների հետ։ Այսպիսով, այն թույլ կտա Հարավային Կովկասը վերածել արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ խաչմերուկի, ինչպես այն եղել է դարերի ընթացքում։
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական էությունը տարածաշրջանի բոլոր երկրների միջև կապուղիների հետագա զարգացումն է՝ ճանապարհների, երկաթուղիների, գազամուղների, մալուխների և էլեկտրահաղորդման գծերի վերականգնման, կառուցման և շահագործման միջոցով։
Ա.Կ. - Եթե չեմ սխալվում, 2020թ. Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ Դուք եղել եք Հայաստանի դեսպանը Գերմանիայում։ Այս անգամ դուք ծառայում էիք Վրաստանում։ Կարո՞ղ եք համեմատել իրավիճակը և Ձեր զգացմունքները նախկինում և հիմա: Եվ գործնական առումով՝ ինչպե՞ս կարող եք գնահատել Վրաստանի ներուժը՝ որպես միջնորդ հարթակ։
Ա.Ս. - Ես չէի ցանկանա իրարից տարանջատել Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ 2020 թվականին, Հայաստանի Հանրապետության դեմ 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին, կամ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը։ Այս ամենը հայերի դեմ էթնիկ ատելության քաղաքականության արդյունք են, որը տասնամյակներ շարունակ պաշտոնապես քարոզվում է Ադրբեջանում։
Դեռ 2020 թվականին Ադրբեջանը կոպտորեն խախտեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությունը և պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով և պատերազմական հանցագործություններով։ Մի շարք միջազգային կազմակերպություններ արձանագրեցին Ադրբեջանի կողմից օտարերկրյա վարձկանների օգտագործումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։
Ավելին, 2021 և 2022 թվականների ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր միջազգային հիմնական դերակատարները հստակ դիրքորոշում էին հայտնում Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքները դադարեցնելու և հիմնարար մարդու իրավունքների ապահովման անհրաժեշտության վերաբերյալ։ 2023 թվականի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կիրառեց ժամանակավոր միջոց, ըստ որի՝ «Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»: Եվ թեև ՄԱԿ ԱՄԴ-ի որոշումները իրավաբանորեն պարտադիր են ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների համար, սակայն ի պատասխան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։
Ուստի, այս բոլոր գործընթացները փոխկապակցված են, և այսօր էլ, միջազգային հստակ արձագանքի բացակայության պատճառով, Ադրբեջանը շարունակում է առաջնորդվել ռազմական ուժի լեզվով։ Ավելին, Ադրբեջանը նաև տարբեր պետությունների, այդ թվում՝ Եվրամիության և նրա անդամ երկրների դեմ որպես լծակ է օգտագործում էներգառեսուրսների շնորհիվ իր աշխարհաքաղաքական կարևորության մասին ուռճացված ընկալումը։ Վերոհիշյալի վառ օրինակն էր Ադրբեջանի վերջին որոշումը՝ խուսափել Հայաստանի հետ ԵՄ միջնորդությամբ 2023 թվականի հոկտեմբերին Գրանադայում և Բրյուսելում խաղաղ համաձայնագրի շուրջ նախատեսված բանակցություններից։
Ինչ վերաբերում է Վրաստանին՝ մենք միանշանակ գնահատում ենք մեր վրաց բարեկամների պատրաստակամությունը՝ նպաստելու մեր տարածաշրջանի խնդիրների լուծմանը՝ այդ նպատակով առաջարկելով իրենց աջակցությունը։ Իհարկե պետք է նաև նկատի ունենալ, որ այսօր մենք արդեն ունենք բանակցությունների գործող ձևաչափեր։
Ա.Կ. - Քանի որ արդեն անդրադարձանք Վրաստանի դերին, շարունակենք Հայաստան-Վրաստան հարաբերությունների թեմայով։ Շատերն ակնկալում են, որ երկու հին քրիստոնյա հարևան ժողովուրդները պետք է մշակած լինեին ժայռի պես ամուր գործընկերություն: Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն գործոնները, որոնք դանդաղեցնում են այս զարգացումը:
Ա.Ս. - Խոսելով Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների մասին՝ պետք է նկատի ունենալ, որ երկու երկրներն էլ բավական երիտասարդ են, մեր անկախության վերականգնումից ընդամենը 32 տարի է անցել։ Եվ նախորդ տարի մենք նշում էինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է մշակել բավականին ընդգրկուն երկկողմ օրակարգ, որը ներառում է համագործակցության գրեթե բոլոր հնարավոր ոլորտները։ Իսկ վերջին տարիներին մենք ականատես ենք լինում երկկողմ շփումների էլ ավելի ակտիվացման ինչպես քաղաքական ամենաբարձր մակարդակով, այնպես էլ պետական տարբեր գերատեսչությունների, երկու երկրների մշակութային, կրթական և այլ հաստատությունների միջև։ Ուստի, մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները ես կբնորոշեի որպես հարևանների համար առանձնահատուկ ջերմ՝ իհարկե նկատի ունենալով, որ դեռևս առկա է հսկայական ներուժ, որը հնարավոր է օգտագործել և մեր համագործակցությունը դարձնել օրինակելի։
Իհարկե, պետք է ընդունել, որ անկախության 32 տարիները բոլորովին հեշտ չէին թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի համար։ Ցավոք սրտի, Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո մեր տարածաշրջանը ներքաշվեց մի շարք հակամարտությունների մեջ, ինչը միանշանակ իր ազդեցությունն ունեցավ երկրների միջև համագործակցության և ընդհանուր տարածաշրջանի զարգացման ներուժի վրա։ Ուստի, կարծում եմ, որ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատումը տարածաշրջանային համապարփակ համագործակցության գլխավոր գրավականն է։
Ա.Կ. - Ի՞նչ եք կարծում՝ մեր երկրների միջև վերջին շրջանի քաղաքական զարգացումները արդյոք ստեղծում են ապագայում Հայաստանի և Վրաստանի միջև ավելի սերտ համագործակցության հնարավորություն:
Ա.Ս. - Վերջին տարիներին մենք տեսնում ենք Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ընդլայնում։ Այն կարելի է բացատրել ընթացիկ երկու գործընթացներով. առաջինը՝ ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը, իրենց փոխկապակցվածության շնորհիվ, բախվում են իրար շատ նման մարտահրավերների, հետևաբար ունենք նաև ընդհանուր շահեր: Որպես հարևաններ, մենք ձգտում ենք ակտիվացնել մեր համագործակցությունը այդ մարտահրավերները հաղթահարելու նպատակով։
Երկրորդ՝ ներքաղաքական կյանքում Հայաստանը և Վրաստանը ընտրել են ժողովրդավարական պետության կառուցման ուղին՝ որպես զարգացման առանցքային բաղադրիչ։ Այս գործընթացում Եվրամիությունը հանդիսանում է մեր հիմնական գործընկերը։
Հենց այս իրողություններն են, որ համապատասխան նախադրյալներ են ստեղծում Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու համար։ Այս ուղղությամբ նախնական քայլերը ձեռնարկվել են 2023թ. հուլիսին Բաթումում կայացած Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպմանը, որտեղ նշվել է, որ Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն ներգրավվել ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակի երկխոսության մեջ։ Ես վստահ եմ, որ դա լրացուցիչ խթան կհանդիսանա արդյունավետ համագործակցության համար՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:
Ա.Կ. - Քաղաքական, տնտեսական կամ մշակութային ոլորտներում կա՞ն կոնկրետ ծրագրեր, որոնք կցանկանայիք ներկայացնել: Մասնավորապես, եթե դեսպանությունն անմիջականորեն ներգրավված է եղել նման գործում:
Ա.Ս. - Ինչպես արդեն նշեցի, մեր երկրների միջև քաղաքական շփումները դինամիկ են, միայն այս տարվա ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետները մի քանի անգամ հանդիպել են։ Ակտիվ են նաև շփումները Արտաքին գործերի նախարարությունների և այլ գերատեսչությունների միջև, որոնք ապահովում են մտքերի կանոնավոր փոխանակում տարածաշրջանային և միջազգային հարթություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Ընթացիկ տարում հաստատեցինք նաև համագործակցության նոր ձևաչափ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի խորհրդարանների Արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև։ Մայիսին Թբիլիսիում տեղի ունեցավ վերոհիշյալ հանձնաժողովների առաջին համատեղ նիստը, և մենք հուսով ենք, որ դա կդառնա մեր երկրների միջև քաղաքական երկխոսության ևս մեկ արդյունավետ հարթակ։
2023թ․ հունվարին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը՝ երկու երկրների վարչապետների նախագահությամբ, և օրակարգում ընդգրկված էին համագործակցության գրեթե բոլոր ուղղությունները։ Դրան հաջորդեց Թբիլիսիում տեղի ունեցած հայ-վրացական գործարար համաժողովը, որին մասնակցում էին հարյուրից ավել գործարարներ։
Վրաստանի հետ տնտեսական համագործակցության տեսանկյունից մենք նաև մեծապես շահագրգռված ենք տարածաշրջանային նախագծերի իրագործմամբ։ Օրինակ՝ Գրանադայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաստատել է Հանձնաժողովի աջակցությունը Հայաստանի մասնակցությանը Սևծովյան էլեկտրահաղորդման մալուխի նախագծին, և այս առումով մենք կարևորում ենք նաև մեր վրաց գործընկերների աջակցությունը։
Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում նաև Վրաստանի հետ մշակութային հարաբերություններին։ Փորձում ենք հնարավորինս հաճախ մշակութային միջոցառումներ ունենալ Վրաստանում, և այս ուղղությամբ շարունակելու ենք մեր ջանքերը։ Կարևոր հենասյուն է նաև մեր երկրների մշակութային հաստատությունների միջև անմիջական համագործակցությունը։ Այս առումով կարող եմ նշել մեր խորհրդարանների Մշակույթի հանձնաժողովների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը, որը նորություն էր և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար։ Երկու երկրների պատկան նախարարությունները քննարկում են նաև համապատասխանաբար Վրաստանում և Հայաստանում հայկական և վրացական մշակութային օրեր անցկացնելու ծրագրերը։
Ա.Կ. - Կովկասյան ամսագրում մենք խորապես հավատում ենք լավագույն փորձի, բարեփոխումների և այլ առաջադեմ գիտելիքների լայն տարածման կարևորությանը: Ահա թե ինչու մենք մեծ ուշադրություն դարձրեցինք Հայաստանի յուրահատուկ TUMO կրթական կենտրոններին (անվճար կրթական ծրագիր դեռահասների համար ՏՏ և դիզայնի ոլորտում): Մենք ուրախ կլինենք առաջարկել մեր մեդիա ռեսուրսը` խթանելու ավելի շատ նման նախագծեր` Վրաստանում և միջազգային մակարդակում: Միգուցե կարող եք ավելի շատ հայկական նախագծեր նշել, որտեղ մեր տեղեկատվական աջակցությունը կարող է օգտակար լինել:
Ա.Ս. - Իրավացի եք, ԹՈՒՄՈ-ն, անկասկած, դարձել է ժամանակակից Հայաստանի հայտնի այցեքարտերից մեկը: ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անվճար կրթական ծրագիր է, որը ներառում է 14 ուսումնական ոլորտներ՝ ներառյալ կայքերի և խաղերի մշակում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, ծրագրավորում, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում և այլն: Կենտրոնի հիմնական առավելությունն այն է, որ այստեղ պատանիներն իրենք են որոշում իրենց ուսումնական ուղին. նրանք ներառում են այս ոլորտներն իրենց անձնական ուսումնական ուղու մեջ, որը կարող է թարմացվել ըստ իրենց փոփոխվող հետաքրքրությունների և առաջընթացի:
Պակաս ուշադրության արժանի չէ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որը ևս հաջողված և հեռանկարային կրթական ծրագիր է: Այս լաբորատորիաները ստեղծվում են նաև դպրոցների տարածքում՝ նպատակ ունենալով 10-ից 18 տարեկան երեխաներին ծանոթացնել գիտությանը, տեխնոլոգիաներին, ճարտարագիտությանը և մաթեմատիկական կրթությանը՝ ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով: Ինչպես ԹՈՒՄՈ-ն, «Արմաթ»-ը ևս սկսել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելն աշխարհով մեկ արտահանելու գործընթացը։ 2023թ․ դրությամբ, բացի Հայաստանից, «Արմաթ» լաբորատորիաներ են գործում Քուվեյթում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Վրաստանում (Սամցխե-Ջավախեթի), Հնդկաստանում և այլն: Գարնանը Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը վրացական կողմին առաջարկել է դիտարկել Թբիլիսիի դպրոցներից մեկում «Արմաթ» լաբորատորիա հիմնելու հարցը, և ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք մեր վրաց գործընկերների հետ համատեղ Արմաթ լաբորատորիաներ հիմնել նաև Թբիլիսիում:
Կցանկանայի հիշատակել նաև ՀՀ Լոռու մարզում գործող COAF («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) ՍՄԱՐԹ կենտրոնը։ Այն եզակի ոչ ֆորմալ կրթական կենտրոն է գյուղական շրջանների 3-ից 18 տարեկան երեխաների համար՝ հիմնված «գլուխ, սիրտ, ձեռք» կրթական տեսության վրա: Այն ուսանողներին առաջարկում է մինչև 18 ծրագրեր՝ ներառյալ արվեստ և երաժշտություն (սիրտ), ձեռներեցություն և լեզուներ (գլուխ), ճարտարագիտություն և աթլետիկա (ձեռք):
Ա.Կ. - Խոսելով ԹՈՒՄՈ կենտրոնների մասին՝ մենք գիտենք, որ այս հայկական կոնցեպտը տարածվում է Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում. Գերմանիայում ԹՈՒՄՈ կենտրոնը բացվեց Ձեր՝ այնտեղ որպես դեսպան ծառայության ընթացքում: Չեմ կարող չնշել, որ, ավաղ, Վրաստանում գոյություն ունի միայն մեկ փոքրիկ ԹՈՒՄՈ դասարան (հայալեզու Ջավախեթիում)։ Ի՞նչ կարելի է անել նման նախագծերի իրականացման համար, որոնք կարող են հսկայական նշանակություն ունենալ մեր ժողովուրդների միջև կապերի ամրապնդման համար։
Ա.Ս. - ԹՈՒՄՈ կենտրոնների կոնցեպտը արդեն իսկ ապացուցել է իր գրավչությունը արտերկրյա մեր բարեկամների համար: Ընդամենը մոտ 10 տարվա ընթացքում ԹՈՒՄՈ կենտրոններ են բացվել Փարիզում, Բեյրութում, Տիրանայում, Բեռլինում, Ցյուրիխում, Կիևում, Լիոնում և այլն։ Մասնավորապես, Բեռլինում ԹՈՒՄՈ կենտրոնի հիմնումը իրապես համարում եմ իմ՝ Գերմանիայում դիվանագիտական առաքելության լավագույն ձեռքբերումներից մեկը։ Ամբողջ աշխարհում գործող ԹՈՒՄՈ կենտրոնների այս ցանցը կարող է տարբեր երկրների երիտասարդության միջև կապեր հաստատելու արդյունավետ մեխանիզմ լինել։ Մենք, անկասկած, շահագրգռված և բաց ենք մեր վրացի գործընկերների հետ համագործակցությամբ՝ ԹՈՒՄՈ կենտրոնների այս միջազգային ցանցին Թբիլիսին միացնելու համար:
Ա.Կ. - Վրաստանում Ձեր աշխատանքի մեկնարկին տված հարցազրույցում Դուք որպես ձեր կարևոր նպատակ նշել եք քաղաքացիների միջև անձնական շփումների ակտիվացումը՝ «ավելի շատ Հայաստան Վրաստանում և ավելի շատ Վրաստան Հայաստանում» սկզբունքով։ Կա՞ն արդյոք քայլեր, որոնք այս ուղղությամբ կատարվել են անցած տարվա ընթացքում։ Մասնավորապես երիտասարդների համար, ինչպե՞ս եք գնահատում համատեղ ուսումնառության կամ ապագա այլ ծրագրերի իրականացման նրանց հեռանկարները։
Ա.Ս. - Դիվանագետի գործունեության առանցքային ուղղություններից մեկը համարում եմ անձնական շփումների ակտիվացումը։ Այս առումով կարող եմ խոսել մի քանի ոլորտների մասին, որոնք կարող են խթանել Հայաստան-Վրաստան միջհասարակական շփումները։
Իր ուրույն դերն ունի զբոսաշրջությունը։ Քաջատեղյակ եք, որ Վրաստանն ավանդաբար հայ զբոսաշրջիկների ամենասիրելի ուղղություններից մեկն է, մինչդեռ Հայաստան այցելող վրացիների թիվն անհամեմատ փոքր է։ Այնուամենայնիվ, ես տեսնում եմ դրական միտում այս ուղղությամբ։ 2022թ․ Հայաստան այցելող Վրաստանի քաղաքացիների թիվն աճել է՝ հասնելով ավելի քան 175 հազ.։ Ուստի, մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը՝ Հայաստանը վրացի զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ։
2023թ․ հունվարին մեր երկրների վարչապետները ստորագրեցին համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին միմյանց երկրներ այցելել նույնականացման քարտերով, ինչը լրացուցիչ խթան է միմյանց երկրներ այցելող մեր քաղաքացիների համար։ Ի դեպ, Վրաստանն առաջին երկիրն է, որի հետ Հայաստանը ստորագրել է նման պայմանագիր։
Մյուս կարևոր քայլը մեր երկրներում պարբերաբար մշակութային միջոցառումների անցկացումն է։ Ներկայումս մեր վրացի գործընկերների հետ քննարկում ենք մեր երկրներում հայկական և վրացական մշակութային օրեր, ինչպես նաև համատեղ մշակութային ծրագրեր անցկացնելու հարցը, ինչը լավ հնարավորություն կլինի ներկայացնելու մեր մշակույթները և մեկ տեղում հավաքելու հայ և վրացի երիտասարդներին։
Կրթությունը կարող է լինել երիտասարդների միջև շփումները խթանող ևս մեկ ոլորտ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի Վրաստան կատարած այցի ընթացքում մենք հուշագրեր ենք ստորագրել Երևանի պետական համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի երկու հիմնական դպրոցների միջև։ Այս հուշագրերի առանցքային կետերից մեկը համալսարանների և դպրոցների միջև ուսանողների փոխանակությունների գաղափարն էր: Կարծում եմ, որ պետք է շարունակենք մեր աշխատանքը այս ուղղությամբ՝ ավելացնելով միմյանց հետ համագործակցող հայկական և վրացական դպրոցների և բուհերի թիվը։
Ունենք նաև Հայաստանում և Վրաստանում անցկացվող ամենամյա երիտասարդական ֆորումների ձևաչափը։ Կա տեսլական, թե ինչպես ընդլայնել այս շրջանակում մեր համագործակցությունը, ինչը ներկայումս քննարկվում է վրացական կողմի հետ։
Ա.Կ. - Իմ վերջին, բայց ոչ պակաս կարևոր հարցը Հունգարիայի հետ հարաբերությունների մասին է: Գտնվելով Թբիլիսիում` Դուք դեսպան եք նշանակվել ոչ միայն Վրաստանում, այլև Հունգարիայում: Եթե ես ճիշտ եմ, դուք առաջին դեսպանն եք Բուդապեշտի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո՝ 10 տարվա խզումից հետո (Հունգարիայի կողմից 2004 թվականին հայ սպայի սպանության համար դատապարտված ադրբեջանցի բանտարկյալի արտահանձնումից հետո): Ինչպե՞ս կմեկնաբանեք Հունգարիայի հետ հարաբերությունների վիճակը և դրանց հեռանկարները Հայաստանի համար:
Ա.Ս. - Այո, 2022թ․ դեկտեմբերին Լեհաստանի Լոձ քաղաքում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում կայացած հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի արտգործնախարարները պայմանավորվել են վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները՝ մտադրություն հայտնելով նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։ Շատ չանցած նշանակվեցին ոչ ռեզիդենտ դեսպաններ։
Հայ ու հունգարացի ժողովուրդների միջև առկա են պատմամշակութային խորը կապեր և ընդհանուր քրիստոնեական ժառանգություն: Բացի այդ, Հունգարիայում ունենք սահմանադրորեն ճանաչված ազգային փոքրամասնություն հանդիսացող հայ համայնք, որը յուրահատուկ կարգավիճակ է գրեթե ամբողջ աշխարհում։
Իհարկե, Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը որոշակի բաց էր ստեղծել, սակայն մեր կառավարությունները որոշել են աշխատել նոր օրակարգի մշակման ուղղությամբ, որը բացի քաղաքական երկխոսությունից ներառում է տնտեսության և առևտրի, էներգետիկայի, մշակույթի, կրթության ոլորտները և այլն։
Տարվա ընթացքում մենք արդեն մի քանի բարձրաստիճան այցեր ենք ունեցել, վերջինը՝ ընդամենը մի քանի շաբաթ առաջ, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոի այցն էր Հայաստան։
Հունգարիայի հետ համագործակցությունը դիտարկում ենք նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում։ Եվ մենք ակնկալում ենք, որ հունգարական կողմը կաջակցի Եվրամիության հետ մեր կապերի խորացմանն ուղղված նախաձեռնություններին։
Ա.Կ. – Կա՞ որևէ բան, որը կցանկանայիք ավելացնել մեր ընթերցողների համար, խոսքը տրամադրում եմ Ձեզ:
Ա.Ս. - Կարծում եմ՝ բավական հետաքրքիր և ընդգրկուն հարցազրույց էր, որն իր մեջ ներառեց Հայաստանի և Վրաստանի համագործակցության բազմաթիվ ուղղություններ, ինչպես նաև տարածաշրջանային որոշ զարգացումներն ու անվտանգության խնդիրները։ Ուստի ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար և վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ ապագայում ևս շարունակելու մեր համագործակցությունը։
Ա.Կ. - Շատ շնորհակալ եմ։
Read the English language version here.