14.11.2024 («Կովկասյան ամսագիր») Այսօր մենք պատիվ ունենք ողջունելու մեր հատուկ հյուրին՝ դեսպան Պեր ԷԿԼՈՒՆԴԻՆ, ով եղել է ԵՄ նախկին դեսպանը Վրաստանում և այսօր աշխատում է Ստոկհոլմի Անվտանգության և Զարգացման Քաղաքականության ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։ Վերջերս, դեսպան Էկլունդը գլխավորեց 2024թ. Վրաստանի խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական պատվիրակությունը։
▶ In English: Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:
Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, «Կովկասյան ամսագրի» գլխավոր խմբագիր. Հարգելի պարոն դեսպան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք այս հարցազրույցի համար։ Ի տարբերություն միջազգային շատ դիտորդների, որպես նախկին ԵՄ դեսպան Ձեր փորձառնությունն ու տարածաշրջանային գործերին մշտարթուն մասնակցությունը թույլ են տալիս, որպեսզի Վրաստանի մասին սեփական տեսլականն ունենաք։ Ինչպե՞ս կամփոփեիք Ձեր տպավորություններն ընտրությունների և վերջին զարգացումների շուրջ։
Պեր ԷԿԼՈՒՆԴ. Վրաստանը, լինելով ԵՄ թեկնածու երկիր, չի արդարացրել միջազգային հանրության բարձր ակնկալիքները 2024 թ. ընտրությունների հետ կապված։ Հատկապես մտահոգիչ էր նախընտրական շրջանը, որը չի համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների հիմնական չափանիշներին։ Եղել են դեպքեր, երբ դիտորդները հաշվի չեն առնվել, ընդունվել են օրենքներ, որոնք չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին, հաճախակի բնույթ են կրել նաև ահաբեկումների և սպառնալիքների մասին հեռուստահաղորդումները՝ կապված ընտրողների իրավունքների հետ։ Ընտրական դաշտը հավասար չէր. իշխող կուսակցությունը գերիշխում էր մեդիա ոլորտում, ուներ վարչական ռեսուրսների հասանելիություն և վերահսկում էր վարչարարությունը։
ԱԿ. Կա՞ն փաստեր կամ փաստարկներ, որոնց վրա կցանկանայիք հատուկ ուշադրություն դարձնել։
ՊԷ. Հեռուստատեսությունը հանրության համար տեղեկատվության հիմնական աղբյուրն է։ Մտահոգիչ են լուրերն այն մասին, որ որոշ հեռուստաալիքների եթերում՝ թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր, արգելափակվել է նախընտրական գովազդների հեռարձակումը։ Անհանգստացնող է նաև հեռուստաբանավեճերի բացակայությունը, ինչը խոչընդոտում է, որպեսզի ընտրազանգվածը համակողմանի պատկերացում կազմի քննարկվող հարցերի շուրջ։ Այս հանգամանքը պարզապես բացասական է և անթույլատրելի։
Վրաստանը, լինելով ԵՄ թեկնածու երկիր, չի արդարացրել միջազգային հանրության բարձր ակնկալիքները 2024 թ. ընտրությունների հետ կապված։ Ընտրական դաշտը հավասար չէր․ իշխող կուսակցությունը գերիշխում էր մեդիա ոլորտում, ուներ վարչական ռեսուրսների հասանելիություն և վերահսկում էր վարչարարությունը:
ԱԿ. Կցանկանայի՞ք համեմատել ներկայիս ժամանակաշրջանը Վրաստանի քաղաքական պատմության այն ժամանակաշրջանների հետ, որոնց ականատես եք եղել նախկինում՝ ասենք, մթնոլորտը, քաղաքական տեմպը, զգացողությունները, սպասելիքները։
ՊԷ. Առկա են և՛ նմանություններ, և՛ տարբերություններ։ Ընդդիմության կողմից հնչեցրած որոշ բողոքներ նույնն էին, ինչ 2012թ-ին։ Այդ շրջանի ընդդիմությունը նույնպես առաջ էր քաշում վարչական ռեսուրսների օգտագործման, ահաբեկման և սպառնալիքների թեման։ Այնպես որ, նկատեցի որոշ նույնական պատկերներ։ Բայց այս անգամ ընդդիմությունը կարծես թե լավատեսությամբ և մարտական ոգով էր զինված, ինչը նոր մոտեցում էր։ Այդուհանդերձ, որոշ դեմքեր նույնն էին, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ. երիտասարդները հիմնականում բացակայում էին իմ հանդիպած քաղաքական առաջնորդների շարքում։
ԱԿ. Ընդամենը 10 ամիս առաջ Վրաստանին շնորհվեց երկար սպասված ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ։ Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի դիրքը ԵՄ-ի նկատմամբ այժմ և որո՞նք են հեռանկարները։
ՊԷ. Կարևոր է, թե ինչպես կզարգանա հետընտրական շրջանը։ Ցույցերն ու բողոքի ակցիաները կարող են պարբերական բնույթ կրել, հուսով եմ, որ վերջիններիս անցկացումը թույլատրելի կլինի և ուժի ու բռնության կիրառման փաստեր չեն արձանագրվի։ Իմ ցանկությունն է, որպեսզի բոլոր ընտրված պատգամավորները զբաղեցնեն իրենց տեղերը խորհրդարանում և օգտագործեն դրանք՝ իրենց նախընտրական ծրագրերն առաջ մղելու, կյանքի կոչելու և մտահոգություններն ու խնդիրները բարձրաձայնելու համար։
Երիտասարդները հիմնականում բացակայում էին իմ հանդիպած քաղաքական առաջնորդների շարքում:
ԱԿ. Եկեք պատկերացնենք, որ Վրաստանն արդեն ԵՄ անդամ երկիր է։ Կարծում եք՝ ԵՄ անդամակցության փաստը կազդե՞ր ներքին իրավիճակի և մասնավորապես, խորհրդարանական ընտրությունների վրա։ Կամ կլինե՞ր, արդյոք, որևէ տարբերվող մոտեցում միջազգային դիտորդների կողմից։ Գուցե արդարության չափանիշներն ավելի խի՞ստ լինեին։
ՊԷ. Վրաստանը, ինչպիսին մենք այն ճանաչում ենք այսօր, պատրաստ չէ ԵՄ անդամակցությանը, այնպես որ չէի ցանկանա ենթադրություններ անել։ Բացի բոլոր բարեփոխումներից, որոնք պետք է իրականացվեն, քաղաքական մշակույթը պետք է զարգացնել։ <<Հաղթողը վերցնում է ամեն ինչ>> մտայնությունը վնասակար է ժողովրդավարության համար։ Քաղաքական կուսակցությունները պետք է անցում կատարեն անձնակենտրոն լինելուց դեպի գաղափարախոսական հենքի վրա գործելուն, և պետք է զարգացնեն լայն լուծումներն ու փոխզիջումները փնտրելու մշակույթը։
Իմ ցանկությունն է, որպեսզի բոլոր ընտրված պատգամավորները զբաղեցնեն իրենց տեղերը խորհրդարանում և օգտագործեն դրանք՝ իրենց նախընտրական ծրագրերն առաջ մղելու, կյանքի կոչելու և մտահոգություններն ու խնդիրները բարձրաձայնելու համար:
ԱԿ. Հաշվի առնելով ԵՄ որոշ անդամ երկրների փորձը, ինչպե՞ս եք գնահատում ԵՄ անդամակցության ազդեցությունը քաղաքական պայքարի և ընտրական գործընթացի վրա։
ՊԷ. Նախքան ԵՄ անդամակցություն շնորհելը, էական բարեփոխումներ պետք է իրականացվեն։ Քաղաքական բազմակարծությունը, ժողովրդավարության մեջ քաղաքացիական հասարակության դերն ու հավասարությունը և մարդու իրավունքներ հասկացությունները պետք է հաշվի առնվեն քաղաքական գործիչների կողմից։ Կարծում եմ, որ անդամակցության գործընթացը, եթե իրականացվի քաղաքական էլիտայի լայն համաձայնությամբ, ապա օգտակար կլինի Վրաստանում ավելի լավ քաղաքական մշակույթ զարգացնելու տեսանկյունից։
Վրաստանը պատրաստ չէ ԵՄ անդամակցությանը։ Բացի բոլոր բարեփոխումներից, որոնք պետք է իրականացվեն, քաղաքական մշակույթը պետք է զարգացնել։ <<Հաղթողը վերցնում է ամեն ինչ>> մտայնությունը վնասակար է ժողովրդավարության համար։ Քաղաքական կուսակցությունները պետք է անցում կատարեն անձնակենտրոն լինելուց դեպի գաղափարախոսական հենքի վրա գործելուն:
ԱԿ. Այլ կերպ ասած, ի՞նչ կարող են ակնկալել ԵՄ թեկնածու երկրի քաղաքացիները քաղաքական կյանքում, քանի դեռ իրենց երկիրն ինտեգրվում է ԵՄ-ին։
ՊԷ. Կարճ ասած՝ ամրապնդված ժողովրդավարություն, որը բնութագրվում է հավասար իրավունքների, մարդու իրավունքների և բազմակարծության նկատմամբ հարգանքով։
ԱԿ. Վրաստանում կա բավական տարածված կարծիք, որ ԵՄ թեկնածու երկիր դառնալուց անմիջապես հետո, Վրաստանն ազատ է անդամակցության գործընթացը շարունակելու իր իրավունքի մեջ՝ ցանկացած պահի, երբ նախընտրի։ Ճի՞շտ է, որ մեկ անգամ բացված ԵՄ դուռը մնում է բաց։ Թե դա հնարավորությունների կարճատև պատուհան է, որը կորչում է ընդմիշտ, եթե չօգտագործվի։
ՊԷ. Վրացիների ճնշող մեծամասնությունը ցանկանում է լինել Եվրոպական Միության մաս։ Բայց ընդունված օրենսդրական ակտերը, ընդդիմության գործունեությունը խոչընդոտելու սպառնալիքները և այլ գործողություններ հանգեցրել են ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունների դադարեցմանը։ Ես չգիտեմ, բայց չեմ կարծում, որ հնարավորությունների պատուհանը կարճատև կյանք ունի։
ԱԿ. Եթե կա որևէ այլ հարց, որը կցանկանայիք մեկնաբանել և կամ որևէ ուղերձ, որը կցանկանայիք հղել մեր ընթերցողներին, ապա, խնդրեմ՝ խոսափողը Ձերն է։
ՊԷ. Կառավարության գործն է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ Վրաստանը իր եվրոպական ուղու վրա վերադարձնելու համար։ Մենք կարող ենք միայն հետևել և հուսալ, որ դա տեղի կունենա։ Շուտով։