25.11.2021 («Կովկասյան ամսագիր») Վրաց ժողովրդի մեծամասնությունը ձգտում է լիովին անդամագրվել եվրոպական ազգերի ընտանիքին, բայց ինչպե՞ս է այս գործընթացը դիտվում Եվրոպայի կողմից: Այս և այլ հարցեր այսօր քննարկելու ենք Հարավային Կովկասում Ֆինլանդիայի նորանշանակ շրջիկ դեսպանի՝ Նորին Գերազանցություն Կիրստի ՆԱՐԻՆԵՆԻ հետ:
▶ In English: Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:
▶ In English: Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:
Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, ԿԱ գլխավոր խմբագիր. Հարգելի Կիրստի, բարի գալուստ Կովկաս և «Կովկասյան ամսագիր»: Չնայած ընդամենը մի քանի շաբաթ է, ինչ պաշտոնապես ստանձնել եք ձեր լիազորությունները Վրաստանում, դուք արդեն իսկ երկար ժամանակ ներգրավված եք Հարավային Կովկասի հետ կապված հարցերում՝ որպես շրջիկ դեսպան: Իսկ ահա վերջերս վերադարձաք Ռուսթավիից, որտեղ դիտորդական առաքելությամբ հանդես եկաք տեղական ինքնակառավարման ընտրություններում: Հետևաբար, քննարկելու շատ բան ունենք։ Բայց նախևառաջ եկեք բացատրենք մեր ընթերցողներին, թե ի՞նչ է նշանակում շրջիկ դեսպան լինել:
Կիրստի ՆԱՐԻՆԵՆ. Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել «Կովկասյան ամսագրին» և ձեզ, Ալեքսանդր, սկանդինավյան-բալթյան թեմաները ձեր օրակարգում ներառելու համար: Սկանդինավյան-Բալթյան երկրներն ունեն ուժեղ հասարակություններ, նույնիսկ ավելի ուժեղ են քաղաքացիական հասարակությունները, որոնք ակտիվորեն մասնակցում են բազմաթիվ հասարակական գործընթացների, որոնց մասին դուք խոսեցիք: Այդ թեմաները կարող են հիանալի օրինակ ծառայել եվրոպական այլ փոքր երկրների համար՝ ինչպես Եվրամիության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Պատիվ եմ համարում շարունակել ձեր նշած հաջորդականությունը և այս թեմայով զրուցել ձեզ հետ:
Շրջիկ դեսպան նշանակում է, որ ապրելով Հելսինկիում, հաճախ այցելում եմ կոնկրետ տարածաշրջան: Սեպտեմբերին երկու անգամ եղել եմ Վրաստանում, ուստի ճամփորդություններն իրականում բավական հաճախ են լինում։ Ինտենսիվ հանդիպումների, բազմաթիվ վեբինարների, առցանց հաղորդակցման, փոդքասթերի, հեռախոսազանգերի, լրատվամիջոցների կողմից լուսաբանումների և ընթերցանության շնորհիվ բավական քաջատեղյակ եմ տարածաշրջանային իրադարձություններին:
Կովիդը ստիպեց մեզ թռիչքային քայլեր կատարել թվային դիվանագիտության մեջ։ Իմ դեպքում սա նշանակում է հնարավորություն ունենալ մասնակցելու ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս անցկացվող հանդիպումներին։ Բնականաբար այս պարագայում կարող է որոշակի դժվարություն առաջանալ ժամանակի բաշխման հետ կապված…
ԱԿ. Հարավային Կովկասի հետ կապված հարցերում բավական ժամանակ հեռահար ձևաչափով ներգրավվածությունից անմիջապես հետո, խորապես և արդեն տեղում ընդգրկվում եք Վրաստանի ներքին կյանք ու դիտորդի կարգավիճակում մասնակից դառնում ընտրություններին: Ի՞նչ կասեք այդ մասին: Որքանո՞վ է ձեր կյանքի իրական փորձը տարբերվում «վիրտուալ դեսպանություն» ասվածից:
ԿՆ. Սա իրականում իմ երրորդ այցն էր Վրաստան և հինգերորդը՝ Հարավային Կովկաս: Շատ անգամ հնարավորություն եմ ունեցել այցելություններս կազմակերպել նաև մայրաքաղաքներից դուրս՝ շրջաններում: Բայց Ռուսթավիում, որտեղ ընտրությունների ժամանակ հանդես եկա դիտորդական առաքելությամբ, առաջին անգամ էի։ Հետաքրքիր էր դուրս գալ, այսպես ասած, դեսպանի դերից և դառնալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «նորմալ» ներկայացուցիչ։ Ի դեպ, հունիսին դիտարկելով նաև հայաստանյան ընտրությունները, հնարավորություն ունեցա լիարժեք համեմատություններ ու զուգահառներ անցկացնել։ Որպես արհեստավարժ դիվանագետ, գերադասում եմ անձամբ ծանոթանալ խնդրի էությանը, այլ ոչ թե ապավինել, այսպես ասած, երկրորդական տեղեկատվությանը. ահա թե ինչու ցանկություն հայտնեցի լինել ԺՀՄԻԳ դիտորդի դերում:
Այո՛, կյանքում ունեցած փորձը հնարավորություն տվեց ընտրությունների և ժողովրդավարության նոր հեռանկարներ տեսնել։ Ընտրությունները մշտապես կարևոր են. դրանք ժողովրդին հնարավորություն են տալիս արտահայտել սեփական կարծիքը, իսկ ՏԻՄ ընտրություններում բարձրացվող հարցերն ու թեմաները մասնավորապես առնչվում են շարքային մարդկանց հուզող խնդիրներին, ինչպիսիք են դպրոցները, տարբեր ենթակառուցվածքներ, աշխատատեղեր, մշակույթ և այլն: Հունիսին Ֆինլանդիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ հենց այս հարցերն էին քննարկվում որպես կարևոր առաջնայնություն։ Ընտրությունները Վրաստանում, իհարկե, ունեին նաև մեկ այլ դիտանկյուն` բևեռացված իշխանության պայքարն ու այդ պայքարի արտացոլումը քարոզարշավի ողջ ընթացքում և դա զգացվեց նաև Ռուսթավիում: Անկեղծ լինեմ, որ այս մասնակցությունն ինձ համար բավական հետաքրքիր ու նոր փորձ էր։
ԱԿ. Եվ, իհարկե, ի՞նչ տպավորություններ ունեք ընտրություններից:
ԿՆ. Միջազգային դիտորդական առաքելությունների ներգրավվածությունից և նրանց եզրակացություններից ելնելով՝ կարելի է ասել, որ ընտրությունները տեխնիկապես լավ կազմակերպված էին, ինչպես ցանկացած այլ ընտրություն։ Բայց ազատ և արդար ընտրությունները միայն քվեարկության կազմակերպում չեն ենթադրում։ Խոսքն այս պարագայում նաև քաղաքական ազատությունների և արդար գործընթացների մասին է, որոնք տանելու են դեպի քվեարկություն և, ապա ընտրությունների արդյունքների վերջնական ընդունում: Քարոզարշավի ոգին, գովազդների ձևաչափը (ինչպես օրինակ՝ «արյունոտ գովազդային վահանակները») որոշ չափով անսովոր էին «սկանդինավյան աչքի» համար: Լարվածությունը, հանրային կամ մասնավոր ճնշումը, ցանկացած այլ «մոտիվացնող» ռեսուրս չի կարող համարվել արդար և անաչառ ընտրությունների մաս, որտեղ հաշվի են առնվում միմիայն քաղաքական հայացքները։ Այս մոտեցումն առկա է նաև ընտրությունների վերաբերյալ ԵՄ հայտարարության մեջ։ Մյուս կողմից, քաղաքական մշակույթը պետք է զարգանա, և բոլոր կուսակցությունները պետք է աջակցեն և այդ զարգացման մասը կազմեն։ Ժողովրդավարությունն իր բնույթով ի վերջո փոխզիջումային է, և բոլոր կողմերը պարտավոր են հաշվի առնել այս «անհաճո» փաստը, այլապես բևեռացմանը վերջ չի դրվի: Կարծես թե Վրաստանում քաղաքականությունն ավելի շատ եսակենտրոն է, քան ծրագրային հիմքից բխող: Մենք ակնկալում ենք, որ կգա այն պահը, երբ մարդիկ կսկսեն պահանջել ավելի շատ բովանդակություն և հնարավորինս քիչ կհնչեն վիրավորական արտահայտություններ:
ԱԿ. Դեսպանի աշխատանքը բազմաթիվ ուղղություններ ունի. ի՞նչ սկզբունքով եք սահմանում այդ ուղղությունների հաջորդականությունը, որի՞ն տալիս առաջնահերթությունը: Որո՞նք են ընդհանրապես Ֆինլանդիայի արտաքին քաղաքականության ներկայիս նպատակները և հատկապես մեր տարածաշրջանի նկատմամբ մոտեցումները։
ԿՆ. Ֆինլանդիայի արտաքին քաղաքականության հիմնաքարը կարելի է գտնել վերջերս հրապարակված Արտաքին Գործերի և Անվտանգության մասին Կառավարության Զեկույցում: Սա իմ և գործընկերներիս «Աստվածաշունչն» է: Այն սահմանում է ֆիննական կանխատեսելի և կայուն տեսակետը հին և նոր մարտահրավերների վերաբերյալ: Ֆինլանդիայի նպատակն ավելի կայուն և ենթադրում է անվտանգ աշխարհի ձևավորում, որը շատ կարևոր է նաև ու հատկապես ձեր տարածաշրջանում: Ֆինլանդիան կողմ է պատասխանատվության գլոբալ բաշխմանը, բայց նաև կարծում է, որ նույնիսկ ամենափոքր ներդրումները կարևոր են: Մենք պետք է ընդհանուր պատասխանատվություն ստանձնենք գլոբալ տաքացման, համաճարակների և բնական ռեսուրսների կայուն օգտագործումը պաշտպանելու համար: Եվ դա պետք է կյանքի կոչվի կանոնների վրա հիմնված բազմակողմ համակարգի միջոցով: Հատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում մարդու իրավունքները, սոցիալական ներգրավվածությունը, փոքրամասնությունների և խոցելի խմբերի նկատմամբ հատուկ հարգանքը: Սա հատկապես վերաբերում է աղջիկներին և կանանց ու ոչ միայն ճգնաժամային գոտիներում, այլ նաև հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև պաշտպանության կարիք ունեցող այլ խմբերին, ինչպես օրինակ սեռական, էթնիկ, լեզվական և կրոնական փոքրամասնությունները։ Ֆինլանդիան կարծում է, որ փոքր երկրները չեն կարող անտեսել ցանկացած հասանելի մարդկային ռեսուրս, ուստի սոցիալական ներգրավվածությունը կենսական նշանակություն ունի:
Իրականում այս մոտեցումը բարձր մակարդակի քաղաքականության հետ կապ չունի: Ֆինլանդիան Վրաստանում ունի նախագծեր կապված հաշմանդամների և գենդերային հավասարության խնդիրների հետ, մենք լիովին աջակցում ենք փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ ԵՄ հայտարարություններին և օրինակ, մեծ մտահոգությամբ հետևում հուլիսին Թբիլիսիում տեղի ունեցող ցնցող իրադարձություններին։ ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում Ֆինլանդիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև էապես նպաստում է ԵՄ դիտորդական առաքելությանը:
Ֆինլանդիան կառուցողական և, անհրաժեշտության դեպքում նաև ճկուն գործընկեր է, խաղաղությանը նպաստող միջազգային դերակատար, որի դերն իսկապես շատ ավելի մեծ է, քան նրա չափերը կարող էին թույլ տալ:
Փոքր երկրները միշտ պետք է փնտրեն գործընկերներ և դաշնակիցներ իրենց սահմաններից դուրս: Երբեմն, մեզ թվում է, թե մեր ներքին հարցերի շրջանակում ամեն ինչ գերազանց է ընթանում, բայց իրականում առանց գործընկերների և ընկերների մեր ձայնը չափազանց թույլ է դառնում, մինչդեռ աջակցության կարիք իսկապես առկա է լինում: Ահա թե ինչու Ֆինլանդիան կառուցողական և, անհրաժեշտության դեպքում նաև ճկուն գործընկեր է, խաղաղությանը նպաստող միջազգային դերակատար, որի դերն իսկապես շատ ավելի մեծ է, քան նրա չափերը կարող էին թույլ տալ:
Մեր նախագահ Նինիստոն իր մտահոգությունն է հայտնել հատկապես միջազգային հաղորդակցության հետ կապված և առաջարկել արթնացնել Հելսինկիի ոգին, մի լեզու, որը միավորեց Արևելքն ու Արևմուտքը ԵԱՀԿ հովանու ներքո, ինչպես նաև 1970-ականների սառը պատերազմի տարիներին նպաստեց Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Համաժողովի ստեղծմանը: Ֆինլանդիան կցանկանար, որ ազգայնականության կամ տնտեսական ու քաղաքական մրցակցության վրա կենտրոնանալու փոխարեն, աշխարհն իր ուժերը կենտրոնացներ ընդհանուր մարտահրավերների վրա, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և մեր երկրագնդի ապագան, մեզ միավորող այն ընդհանուր խնդիրները, որոնք առկա են այսօր:
Ինձ համար չափազանց ընդունելի է խթանել և պաշտպանել այս տեսակի արտաքին և անվտանգ քաղաքականությունը։
ԱԿ.- Խոսելով այս տարածաշրջանի մասին՝ չմոռանանք նշել, որ ձեր պատասխանատվության ոլորտն ընդգրկում է բոլոր երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը։ Ըստ իս, դա մեծ ծանրաբեռնվածություն է: Ի՞նչ եք կարծում այս բոլորովին տարբեր երկրների միջև կա՞ն, արդյոք ընդհանրություններ, որոնց գոյությունը միգուցե կհեշտացներ ձեր աշխատանքը:
ԿՆ. Անկեղծ ասած, շատ քիչ նմանություններ կան այս երեք երկրների միջև: Բոլորն ունեն անվտանգության քաղաքականության տարբեր լուծումներ, տարբեր մշակութային ժառանգություն, տնտեսական բազա, արտաքին աշխարհի հետ կապեր և այլն: Բայց, երբ տարածաշրջանի մասին ամբողջական պատկերացում եմ փորձում կազմել, տեսնում եմ, որ կա ընդհանուր քաղաքական պատմություն, ակնհայտ է նաև երեք խոշոր գերտերությունների աշխարհաքաղաքական ճնշումը նրանց վրա, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա: Հարավային Կովկասը գտնվել է ու գտնվում է խորհրդային/ռուսական, պարսկական/իրանական և օսմանյան/թուրքական ազդեցության խաչմերուկներում։ Դրա ազդեցությունը ակնհայտորեն կարելի է տեսնել նաև հիմա՝ փոքր ինչ փոփոխված տեսքով: Թուրքիայի ազդեցությունը մեծացել է, Ռուսաստանը ցանկանում է մնալ գլխավոր դերակատարը, իսկ Իրանը ցնցված է աշխարհաքաղաքական նոր իրավիճակից, որը ձևավորվել է Ղարաբաղյան պատերազմից հետո։ Ահա թե ինչու համարում եմ, որ իմ աշխատանքը չափազանց հետաքրքիր է, քանի որ այն առնչվում է ինչպես երեք երկրների բազմաբովանդակ, այնպես էլ ավելի լայն միջազգային ուժային քաղաքականությունների հետ: ԵՄ-ն որպես վստահելի գործընկեր ունի հավասարակշռողի դեր՝ ավելի անկայուն գործընկերների հետ համեմատ, իսկ ԱՄՆ-ը գտնվում է գործողությունների առաջնահերթությունների սահմանման գործընթացում։ Արդյունքում, հետաքրքիր քաղաքական պատկեր է ուրվագծվում։
ԱԿ. Դուք մասնագիտական հարուստ փորձ ունեք շփվելու հետխորհրդային երկրների հետ, ինչպիսիք են, օրինակ Էստոնիան և Ռուսաստանը: Արդյոք, օգտակա՞ր եք համարում այդ փորձը ձեր ներկայիս աշխատանքում:
ԿՆ. Այո, միանշանակ չափազանց օգտակար եմ համարում: Նախ, ես խոսում եմ ռուսերեն, ինչը շփման ընթացքում ինձ համար հնարավորությունների լայն շրջանակ է բացում ու այս պարագայում ավելին, քան, օրինակ անգլերենով շփումը: 1990-ականների Էստոնիայում տիրող իրավիճակը ինձ ստիպեց հասկանալ, թե ինչ է նշանակում բարեփոխում և պետականաշինություն, և որքան դժվար կարող է լինել կառույցների և մարդկանց գաղափարաբանության վերակազմավորումը: Այս ընթացքը նաև ցույց տվեց, թե որքան վճռական պետք է լինի ղեկավարությունը, որպեսզի կարողանա փոփոխություններ կատարել և բարեկեցիկ ապագայի հանդեպ հավատ ներշնչել մարդկանց, ընդ որում այն պահին, երբ հանգամանքները բոլորովին այլ բան են ասում: Միևնույն ժամանակ հասկացա, որ հիմնարար բարեփոխումները, օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը և մարդկային արժեքները հաջողության հասնելու միակ ճանապարհն են, և որ հաջողությունը հասանելի է այն ժամանակ, երբ առաջին տեղում ազգային շահն է: Էստոնիայի նպատակը ամուր գործընկերության արդյունքում իրագործվեց. նրանց առաջնորդող կարգախոսն էր՝ «Այլևս երբեք մենակ չմնալ», որն ի դեպ վաղուց արդեն որդեգրել էր Ֆինլանդիան:
ԱԿ. Խոսելով ձեր հարուստ փորձից՝ չեմ կարող չնշել էստոնական թերթերից մեկում տեղ գտած հետաքրքիր հոդվածը, որը կապված էր Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի օգնականի՝ ձեզ «զբոսանքի» հրավիրելու հետ։ Այդ օգնականը հետագայում դարձավ Ռուսաստանի նախագահը։ Կցանկանայի՞ք մեզ հետ կիսվել այս հիշողությամբ: Կա՞մ միգուցե կան այլ դեպքեր ևս, որոնց մասին նպատակահարմար կգնեիք խոսել:
ԿՆ. (ժպտալով). Այո, իրականում չեմ գնացել այդ զբոսանքին, ինչի համար մի փոքր զղջում եմ: 1993 թվականի ամռանը, միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական պարոն Պուտինն այցելեց Ֆինլանդիա՝ ուղեկցելով Սանկտ Պետերբուրգի այն ժամանակվա քաղաքապետ Անատոլի Սոբչակին։ Երկուսի հետ էլ բազմիցս հանդիպումներ էի ունեցել, երբ 1990-1992 թվականներին աշխատում էի Սանկտ Պետերբուրգում որպես գլխավոր հյուպատոսի տեղակալ։ Ֆինլանդիայի նպատակն էր նպաստել էստոնա-ռուսական երկխոսությանը, ուստի և առաջնորդեցի քաղաքապետին Էստոնիայի այն ժամանակվա նախագահ Լենարտ Մերիի մոտ, ով սովորաբար իր ամառային արձակուրդներն անցկացնում էր Ֆինլանդիայում: Ես ապահովում էի MIFA-ի կապը այդ նախագծի շրջանակներում: Մենք նավարկեցինք դեպի կղզի: Պարոնայք հանդիպեցին, խոսեցին, այնուհետև գնացին սաունա և, փոքր ինչ շեղվելով նախնական ծրագրից, որոշեցին գիշերել այնտեղ. ըստ երևույթին, բանակցությունները հարթ էին ընթացել: Ընթրիքից հետո նրանք խնդրեցին ինձ միանալ իրենց, ինչը ես հաճույքով ընդունեցի՝ հետագայում Ֆինլանդիայի նախագահ Մաունո Կոյվիստոյին զեկուցելով բանակցությունների մասին: Ձեռագիր զեկույցը ֆաքսով ուղարկվեց ԱԳՆ՝ մուտքագրելու և այն նախագահին ուղարկելու համար, ում հետ հաջորդ օրը մենք պետք է ճաշեինք։ Երեկոյի ավարտին, պարոն Պուտինը հարցրեց ինձ, թե կուզենա՞մ, արդյոք գնալ զբոսանքի իր հետ, որից ես հրաժարվեցի՝ պատճառաբանելով, որ շատ հոգնած եմ, երկար և ծանր օրվանից հետո։ Եթե գնայի, ավելին ասելու հնարավորություն կունենայի:
Հիշարժան պահ էր նաև նախագահ Ելցինի հետ ձեռքսեղմումը, ինձ նրան ներկայացրեց Լիտվայի նախագահ Լանդսբերգիսը, Լիտվայի ներկայիս արտաքին գործերի նախարարի պապը, քանի որ ես Լիտվայի պատվիրակության կապի դիվանագետն էի 1992թ. Հելսինկիում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում: Այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս լավ հարաբերությունների մեջ էր Բալթյան երկրների հետ։ Խորհրդային Միության փլուզումը, 1991-ի օգոստոսյան «հեղափոխություն-պուտչը» ներսից, ինչպես նաև Բալթյան երկրների ազատագրումը՝ այս ամենը տեսնելն ու զգալը, ինչպես նաև Եվրոպայի հիմնարար քաղաքական պատմության մի մասը կազմելը, չափազանց յուրահատուկ իրողություն էր: Եվ նույնիսկ ավելին ասեմ ՝ 1990-1998 թվականների Տալլինն ու Սանկտ Պետերբուրգը ֆինն երիտասարդ դիվանագետի համար շատ բուռն տպավորությունների աղբյուր կարող էին լինել: Ես հպարտ եմ այդ հիշողություններով։
ԵՄ-ն նման է գոլֆի ակումբի, որտեղ մուտքի պահանջները սակարկելի չեն:
ԱԿ.- Վերադառնալով ներկայիս ժամանակներին՝ կարո՞ղ ենք, արդյոք խոսել մեր տարածաշրջանի երկրների և ԵՄ հարաբերությունների մասին՝ դիտելով դրանք արևմտյան տեսանկյունից: Բազմաթիվ հակասություններ եղան Վրաստանի անդամակցության հնարավորությունների վերաբերյալ: Օրինակ, Էստոնիայի նախկին նախագահը այս տարվա սկզբին դիմեց Վրաստանին՝ ասելով. «Պետք չէ ամենուր փակցնել ԵՄ դրոշները, եթե իսկապես չեք կիսում Եվրամիության արժեքները»: Ես գիտեմ, որ դիվանագետները պետք է լինեն գաղտնապահ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ սա շատ կարևոր հարց է, որը պետք է շոշափել: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ առաջ գնալու համար:
ԿՆ. Ինտեգրվել ԵՄ-ին նշանակում է, որ ձեր հասարակությունը պետք է հարմարվի ԵՄ կանոններին և կանոնակարգերին: Բոլոր անդամ երկրները անցել են դրա միջով։ ԵՄ-ն նման է գոլֆի ակումբի, որտեղ մուտքի պահանջները սակարկելի չեն: Միակ սակարկվող մասը բարեփոխումների ֆինանսավորումն ու ժամանակացույցն է։ Սա նշանակում է, որ բոլոր այն պետությունները, ովքեր ուզում են անդամակցել ԵՄ-ին, պետք է առանձնահատուկ ձևով հանձնառեն միանալու և իրականացնելու բարեփոխումները, ինչպես նաև ընդունելու հիմնաքար ներկայացնող արժեքները։
Ոչ թե այն պատճառով, որ ԵՄ-ն այդպես է ասում, այլ այն պատճառով, որ ԵՄ-ն առաջարկում է հասարակության և տնտեսական ձևավորման սոցիալական, տնտեսական և իրավական ձևաչափ, որն ապացուցել է իր ուժը և ոչ գերակայությունը, թեև շատ դեպքերում այո, նաև գերակայությունը: ԵՄ-ն վերաբերում է օրենսդրությանը և կանոնակարգմանը, բայց առաջին հերթին արժեքներին, այն նույն արժեքներին, որոնց հետ մենք բոլորս համաձայնել ենք ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին կամ Եվրոպայի Խորհրդին միանալիս: Այսպիսով, ԵՄ-ն չի պահանջում ավելին, քան մենք արդեն պարտավորվել ենք մեր համապատասխան ազգային օրենսդրությամբ և միջազգային պարտավորություններով: Սակայն ԵՄ-ն պահանջում է, որ դրանք իրականացվեն։ Այսպիսով, ԵՄ-ին միանալը պետք է բխի սեփական շահերից. նրան միացող պետությունը պետք է տեսնի, որ բարեփոխումները, օրենքի գերակայությունը, շուկայական տնտեսության կանոնները, թափանցիկությունը և ապաքաղաքական դատական համակարգը երկրի բարօրության համար են՝ իրենց իսկ արժանիքների համար:
Վրաստանը կնքել է և ունի Ասոցացման համաձայնագիր (ԱՀ), այցեգրային ազատություն, Ազատ Առևտրի Համաձայնագիր, ուստի ճանապարհները բաց են։ Բայց թվում է, թե վերջնական գործը դեռ արված չէ, դեռ կան անելիքներ, այսպես ասած տնային աշխատանքներ, ինչպես օրինակ դատաիրավական բարեփոխումները, որոնք պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների վրա. կարծում եմ, սա այն է, ինչ նախագահ Կալջուլայդն ակնարկեց: Ֆինլանդիան ԵՄ ընդլայնման ուժեղ կողմնակից է, ոչ բոլոր անդամներն են այդպիսին: Բայց մենք հաստատապես պնդում ենք, որ ընդլայնումը պետք է օգուտ բերի Միությանը, և այսպես կոչված, կոպենհագենյան չափանիշները պետք է ամբողջությամբ պահպանվեն: Դա հնարավոր է այն ժամանակ, երբ կա կամք և կա ճանապարհ:
ԱԿ. Հայաստանն ու Ադրբեջանը անդամագրվելու այդքան էլ մեծ ձգտում չունեն, որքան վերջերս ձևավորված «Ասոցացված եռյակը» (Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա), բայց նրանք դեռևս ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամներ են։ Կարո՞ղ եք մեկնաբանել ձեր տեսակետը այդ երկրների հետ կապված:
ԿՆ. Ֆինլանդիան Արևելյան գործընկերությունը տեսնում է որպես եվրոպական հարևանությանը բարգավաճում և կայունություն բերող միջոց և ձևավորում է գործընթացի համաֆինանսավորման իրավական հիմքը: Յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում ԵՄ իր ներգրավվածության չափը, խորությունը և արագությունը: Վրաստանը, լինելով ԱՀ եռյակի մի մաս, ակնհայտ ցանկանում է ավելի հստակորեն տարբերվել նրանցից, ովքեր ԱՀ անդամ չեն համարվում: Ֆինլանդիան գտնում է, որ ԱՀ-ն, այցեգրային ազատությունը և ազատ առևտուրը որպես այդպիսին եռյակին շնորհում են արտոնյալ դիրք՝ ավելի շատ ազատություններ, ավելի լավ համագործակցության ծրագրեր և առևտրային հնարավորություններ: ԱՀ կարգավիճակը ազդում է նաև բարեփոխումների պահանջների վրա՝ դնելով դրանք ավելի բարձր սանդղակի վրա:
Ադրբեջանի հետ համաձայնագրի հիմքը երկար ժամանակ բանակցության թեմա է եղել և հուսով ենք, որ շուտով կհասնենք մեր առջև դրված նպատակներին։ Հայաստանի հետ կապված ասեմ, որ չնայած այնտեծ CEPA-ն (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) ուժի մեջ է մտել այս տարվա սկզբին, այնուամենայնիվ բարեփոխումների ուղին ևս խոստումնալից է թվում: ԵՄ աջակցությունը կավելանա բարեփոխումների և բիզնեսի հնարավորությունների աճին զուգահեռ: Բնականաբար, անցյալ տարի Ղարաբաղյան պատերազմը իսկական ցնցում էր հասարակության շատ հատվածների համար՝ զուգակցվելով կովիդի համավարակով, բայց կան վերականգնման շատ լավ նշաններ, դրանց աջակցող ԵՄ նախագծեր։ Բելառուսն, այդ առումով, իհարկե, մի ամբողջ պատմություն ունի: Ասեմ, որ ժողովրդավարության և ԵՄ ինտեգրման միջև հստակ կապ կա՝.առանց մեկի չի կարող լինել մյուսը:
Դեկտեմբերի կեսերին մենք կունենանք ԱլԳ գագաթնաժողով, որից հետո նորից կգնահատենք իրավիճակը։
ԱԿ. Եթե որևէ հավելյալ ասելիք կա, որին կցանկանայիք անդրադառնալ ու կիսվել մեր ընթերցողների հետ, ապա, խնդրեմ: Միգուցե ունե՞ք կոնկրետ նախագիծ, որը ծրագրում եք, կամ պարզապես որևէ հետաքրքիր (կամ զվարճալի) միջադեպ, որի մասին կցանկանայիք պատմել:
Սա այն է, ինչ ցանկացա բարձրաձայնել և Ֆինլանդիան ներկայացնել Հարավային Կովկասում որպես խաղաղության, կայունության և բարգավաճմանը նպաստող գործընկեր, զուգահեռ՝ Հարավային Կովկասը ներկայացնել Ֆինլանդիայում որպես գործընկեր և ոչ՝ ճգնաժամային գոտի։
ԿՆ. Ընդամենը երկու բան եմ ուզում նշել. իմ առաջին այցը Վրաստան, Թբիլիսի եղել է 2019 թվականի փետրվարին ԵՄ-ՆԱՏՕ Գերազանցության Հիբրիդային Կենտրոնի ներկայացուցչի կարգավիճակում: Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ կրկին վերադառնալու եմ այստեղ ու արդեն որպես դեսպան: Եվ, երբ դա տեղի ունեցավ, պարզվեց, որ ինձ սպասում էին ոչ միայն նրանք, ում հետ հանդիպել էի 2019 թվականին, ինչպես, օրինակ մեր հիանալի պատվավոր հյուպատոս Էկա Մետրևելին GFSIS-ից (Ռազմավարական և Միջազգային Հետազոտությունների Վրացական Հիմնադրամ), տիկնայք՝ ՆԱՏՕ-ի կապի գրասենյակից, այլ նրանք, ում պարզապես ճանաչում էի՝ նախարար Ախվլեդիանին (գործընկեր Տալլինից), EUMM-ի (Վրաստանում Եվրամիության Դիտորդական Առաքելություն) ղեկավարը, EUMM –ում աշխատող ֆինն գործընկերները, Էստոնիայի դեսպանը, Եվրախորհրդարանի պատգամավորներ, EUSR-ի (Եվրամիության հատուկ ներկայացուցիչ) Կլաարը և այլ ֆիններ, ովքեր կարևոր դեր են ունեցել GID-ի, ԵԱՀԿ-ի և այլնի հետ կապված ծրագրերում: Սա, իհարկե շքեղություն էր դիվանագետի համար։
Իսկ մյուս պատմությունն առնչվում է անցյալ օգոստոսին Քաբուլից ֆինների և Ֆինլանդիայի հետ կապված աֆղանների տարհանմանը: Թբիլիսիի օդանավակայանում ստեղծվել էր ֆիննական պետության կազմակերպած տարհանման կենտրոնը։ Համոզված եմ, երբեք չի մոռացվի վրացի, ԵՄ, դիվանագիտական գործընկերների, հետագայում ֆիննական զինվորականների և, իհարկե անփոխարինելի Էկա Մետրևելու հետ ինտենսիվ շփման այդ շաբաթը։ Մենք քաղաքական պատմություն էինք կերտում՝ փրկելով կանանց, երեխաների և տղամարդկանց կյանքեր. ամենափոքրը ընդամենը 18 օրական էր, և Վրաստանն այս ամենի էպիկենտրոնն էր: Վրացական իշխանությունները կարևոր դեր խաղացին տարհանումը հնարավորինս սահուն դարձնելու գործում, և այդ ջանքերն էր, որ մոտեցրեց Վրաստանը Ֆինլանդիային:
Սա այն է, ինչ ցանկացա բարձրաձայնել և Ֆինլանդիան ներկայացնել Հարավային Կովկասում որպես խաղաղության, կայունության և բարգավաճմանը նպաստող գործընկեր, զուգահեռ՝ Հարավային Կովկասը ներկայացնել Ֆինլանդիայում որպես գործընկեր և ոչ՝ ճգնաժամային գոտի։ Ներուժը կա, անհրաժեշտ է միայն գործի անցնել դրական արդյունք գրանցելու համար: Եվ, անշուշտ... մի բաժակ Սափերավին չէր խանգարի։
ԱԿ. Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար: Մեր հարցադրումներին հաջորդող նման արձագանքներն են, որ իրականում նպաստում են «Կովկասյան ամսագրի« առաքելության կատարմանը: Ուստի ուրախ կլինենք համագործակցել և ամսագրի էջերում տեսնել ձեզ ցանկացած պահի, երբ, իհարկե ձեր տեսակետներով կիսվելու անհրաժեշտություն ունենաք:
«Կովկասյան ամսագիրը» բարձր է գնահատում Թբիլիսիում Էստոնիայի դեսպանատան բարի աջակցությունն այս հարցազրույցի նախապատրաստական աշխատանքում: