ISSN 2667-9833

Caucasian Journal is now with video.

 Խնդրում ենք սեղմել այստեղ մեր ալիքին բաժանորդագրվելու համար

Դեսպան Աշոտ Սմբատյան. «Մեր նախաձեռնությունը Հարավային Կովկասը կվերածի արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ խաչմերուկի, ինչպես այն եղել է դարերի ընթացքում»

Ashot SMBATYAN
07.12.2023 (Կովկասյան ամսագիր) Caucasian Journal-ի համար պատիվ է ողջունել Վրաստանում և Հունգարիայում Հայաստանի դեսպան Նորին Գերազանցություն Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ։

In English:  Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:

Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, «Կովկասյան ամսագրի» գլխավոր խմբագիր. - Ձերդ գերազանցություն, բարի գալուստ Կովկասյան ամսագիր: Այս հարցազրույցը մեզ համար առանձնահատուկ է, քանի որ մեր ամսագրի նպատակներից մեկն է աջակցել մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև առկա դարավոր կապերին, կիսվել ձեռքբերումներով և քննարկել արդի խնդիրների լուծման հնարավորությունները։ Այսպիսով, երբ ես պլանավորում էի այս հարցազրույցի հայեցակարգը, ես ուզում էի առաջարկել քննարկման երկու հիմնական թեմա՝ Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների հետևանքները և Հայաստան-Վրաստան հարաբերությունները։ Դուք կարող եք ուղղել ինձ՝ ուղղորդելով դեպի այլ թեմաներ, բայց թույլ տվեք սկսել՝ կարեկցանք հայտնելով ավելի քան 100,000 հայերին, որոնք ստիպված եղան լքել Արցախը (Լեռնային Ղարաբաղը), և այս պահին շատ հեռու են իրենց հայրենիքից: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա՝ և՛ որպես դիվանագետ, և՛ որպես մարդ:

Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆ - Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար։ Արդեն մեկ տարի է, ինչ նշանակվել եմ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան, և կարծում եմ, որ սա լավ հնարավորություն է ամփոփելու այն առաջընթացը, որն ունեցել ենք այս տարվա ընթացքում։

Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ձեր աջակցության խոսքերի համար, կարևոր է լսել այս խոսքերը մեր բարեկամ Վրաստանում։ Իսկապես, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ սանձազերված ագրեսիան, որին հաջորդեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ էթնիկ բնակչության բռնի տեղահանությունը, ոչ այլ ինչ էր, քան էթնիկ զտում, որը պետք է խստորեն դատապարտվեր միջազգային հանրության կողմից։ Ցավոք, մենք ականատեսը եղանք թե ինչպես է 100 հազար մարդ Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվում իր հայրենիքից։