29.07.2025 (Կովկասյան ամսագիր) «Կովկասյան հանդեսը» ուրախ է երկրորդ հարցազրույցի համար ողջունել Վրաստանում ՀՀ դեսպան Ն.Գ. Աշոտ Սմբատյանին: Դեսպան Սմբատյանի՝ 2023 թվականի նախորդ հարցազրույցից ի վեր նշանակալի զարգացումներ են տեղի ունեցել Հայաստանում, Հարավային Կովկասում և ամբողջ աշխարհում: Հուսով ենք այս հարցազրույցի ընթացքում քննարկել բոլոր հիմնական թեմաները:
▶ In English: Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:
Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, «Կովկասյան ամսագրի» գլխավոր խմբագիր. - Ձերդ գերազանցություն, հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք Թբիլիսիում, սկսենք Հայաստանի և Վրաստանի հարաբերություններից: Մեր երկրներն այժմ ունեն Ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը ստորագրվել է մոտ 18 ամիս առաջ։ Այս համաձայնագրի ակնհայտ խորհրդանշական կշռից դուրս, ի՞նչ շոշափելի արդյունքներ են գրանցվել և ի՞նչ ապագա նախաձեռնություններ են մշակվում։ Բացի քաղաքական և տնտեսական հարթություններից, գուցե նաև մեկնաբանեք ռազմական համագործակցությունը, որը նախատեսված է անցյալ տարի ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների ստորագրած համագործակցության ծրագրում։
Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆ - Այո, Դուք ճիշտ նկատեցիք, որ արդեն 30-ից ավելի տարիներ ՀՀ և Վրաստանի միջև առկա բարեկամական հարաբերությունները քաղաքական առումով հասան իրենց գագաթնակետին, և 2024թ. հունվարին Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի վարչապետները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» համատեղ հռչակագիրը՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով Հայաստան-Վրաստան հարաբերությունները և հիմք ստեղծելով տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների է՛լ ավելի սերտացման համար։ Գրեթե բոլոր ոլորտներում տեսանելի է զարգացման աճ, իսկ զբոսաշրջության ոլորտում կարևոր է, որ Վրաստանից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թվաքանակը զգալի աճել է: Առկա է բազմաշերտ իրավապայմանագրային բազա երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև։ Միայն վերջին երկու տարիների ընթացքում ստորագրվել են տասից ավելի փաստաթղթեր: Պարբերական բնույթ են կրում ՀՀ և Վրաստանի բարձրագույն ղեկավարության և ոլորտային գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպումներն ու շփումները: Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունենում ամենամյա քաղաքական խորհրդակցություններ: Մշակութային ոլորտում հարաբերությունները ակտիվ զարգանում են, որի արդյունքն են նաև երկու երկրներում անցկացվող մշակութային բազմաթիվ միջոցառումները: Այս ամենը անհրաժեշտ քայլեր են, բայց իմ համոզմամբ՝ ՀՀ և Վրաստանի հարաբերությունների զարգացման մեջ առկա է դեռ մեծ ներուժ, ինչի առաջմղման և կյանքի կոչման ուղղությամբ պետք է շարունակենք մեր ջանքերը: